Մատչելիության հղումներ

Անցած գիշեր շփման գծում լարվածության աճ է արձանագրվել


Անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմը շուրջ 204 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն` հակառակորդը նաև ականանետեր է օգտագործել: Ադրբեջանական կողմը կիրառել է նաև դիպուկահարներ, գնդացիրներ և այլ հրաձգային զինատեսակներ:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, հակառակորդը հրադադարի խախտման ինտենսիվության առումով երեկ, կարելի է ասել, շաբաթվա պլանը կատարել է, և եթե սովորաբար ականանետեր չեն օգտագործվում, ապա անցած գիշեր ադրբեջանցիները դիմել են նաև այդ զինատեսակի օգնությանը: Բաբայանը սակայն վստահեցրեց՝ հայկական կողմը զոհերը և վիրավորներ չունի, և այժմ սահմանին իրավիճակը վերահսկելի է:

«Հակառակորդը կրկին խախտել է զինադադարի ռեժիմը, երեկոյան բավականին շատ կրակոցներ է արձակել։ Սովորաբար շաբաթվա կտրվածքով լինում են 200-300 խախտում, ապա ըստ մեր Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, այդ օրվա ընթացքում մոտ 240 անգամ խախտել են զինադադարի ռեժիմը։ Այսինքն շաբաթվա պլանը «տվել են»»,- ասաց Բաբայանը։

«Սովորաբար շատ հազվադեպ են ականանետ օգտագործում, գրեթե չի լինում այդպիսի բան, բայց այս անգամ օգտագործել են։ Վնասներ չունենք, տարբեր ուղղություններով են կրակել, հիմնականում արևելյան ուղղությամբ։ Զոհեր, վիրավորներ հայկական կողմը չունի։ Ադրբեջանական կողմից տարբեր տեղեկություններ կան, բայց սովորաբար իրենք թաքցնում են իրենց զոհերի թիվը։ Երևի կհրապարակեն, ճիշտ է մի քիչ այլ ձևով են հրապարակում, բայց ներկա դրությամբ այդպիսի տեղեկություն չունենք»,- հավելեց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։

Ի դեպ, այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է սահմանին ստեղծված լարված իրավիճակին և Ադրբեջանից կրկին հնչող այն հայտարարություններին, թե ղարաբաղյան խնդիրը լուծվելու է ռազմական ճանապարհով:

Նալբանդյանը նշել է, թե գուցե սա Բաքվի պատասխանն է ԵԱՀԿ համանախագահող երկրների՝ անցած շաբաթ Բազելում արված հայտարարությանը, որտեղ նրանք նշում էին, որ Ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չի կարող ունենալ:

«Բազելում կայացած ճեպազրույցի ժամանակ ես ասացի, որ միգուցե այդ հայտարարության մեջ ընտրված դիվանագիտական դելիկատ լեզուն հասկանալի չէ ադրբեջանական կողմի համար։ Հիմա Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս նոր հայտարարություններով և այն սրմամբ, որ վերջին շրջանում մենք տեսնում ենք շփման գծում, դա ևս մեկ անգամ հաստատում է այն, որ իսկապես այդ լեզուն չեն ըմբռնում Բաքվում։ Կարծում եմ, եռանախագահները պետք է համապատասխան եզրակացություններ անեն»,- հայտարարեց Նալբանդյանը։

XS
SM
MD
LG