Մատչելիության հղումներ

ԿՀՎ-ի կողմից բռնությունների մասին Սենատի զեկույցը, ըստ փորձագետների, կարող է հրահրել նոր հարձակումներ ընդդեմ ամերիկացիների։

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կողմից իրականացված խոշտանգումների մասին Սենատի զեկույցի հրապարակումից հետո խստացվել են անվտանգության միջոցառումները հատկապես արտասահմանյան երկրներում գտնվող ամերիկյան հաստատություններում։ Ստացվել են լուրեր այն մասին, որ ջիհադիստական խմբավորումները նախապատրաստում են ահաբեկչական հարձակումներ ընդդեմ ամերիկացիների։

Աշխարհի տարբեր երկրներում գտնվող ամերիկյան հաստատություններում այսօր լարված իրավիճակ է, իրականացվում են անվտանգության հատուկ միջոցառումներ։ Ահաբեկչության կասկածներով ձերբակալված անձանց նկատմամբ ԿՀՎ-ի կողմից բռնություններ իրականացնելու մասին Սենատի զեկույցը, ըստ փորձագետների, կարող է հրահրել նոր հարձակումներ ընդդեմ ամերիկացիների։

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Դիք Չեյնին դատապարտել է զեկույցը՝ այն անվանելով «կեղտով լցված աշխատություն»։ Նրա խոսքերով, ԿՀՎ-ի բանեցրած այդ միջոցներն են օգնել հայտնաբերել ու ձերբակալել «սեպտեմբերի 11-ին երեք հազար մարդկանց կյանք խլած սրիկաներին»։ Այդ միջոցներով է հաջողվել ձեռք բերել այստեղ նոր հարձակումները կանխելու համար անհրաժեշտ տեղեկություններ, ասել է նա։

ԿՀՎ-ի ղեկավարությունը պնդում է, որ առանց այդ միջոցները բանեցնելու իրենց չէր հաջողվելու կանխել հետագա ահաբեկչական հարձակումները։ Պատճառաբանություն, որը Սենատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովը չի ցանկանում ընդունել։

Իրավապաշտպան կազմակերպություններն էլ այսօր պահանջում են, որ պատասխանատվության կանչվեն կասկածյալներին ջրախեղդի, հետանցքային սնուցման, քնազրկման ու այլ խոշտանգումների ենթարկած և դրանց արտոնությունը տված պաշտոնյաներին։

Human Rights Watch կազմակերպության անդամներից Լորա Փիթերի խոսքերով՝ դրա պատասխանատուներն այն պաշտոնյաներն են, ովքեր, տեղյակ լինելով հանդերձ այդ միջոցների անօրինական լինելու մասին, տվել են նման մեթոդներով հարցաքննելու արտոնություն։

Իսկ այն, որ այս զեկույցի հրապարակումը կարող է է՛լ ավելի վտանգել ԱՄՆ-ի անվտանգությունը, փաստում է նաև Գուանտանամոյի բանտից վերջերս ազատ արձակված Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մոազամ Բեգը։ Նրա խոսքերով, նաև ԿՀՎ-ի կողմից իրականացված նման բռնամիջոցներն են դարձել պատճառ, որ «Իսլամական պետություն» խմբավորման անդամները գլխատեն օտար երկրներից պատանդառված անձանց։ «Իսլամական պետություն» խմբավորումը, ըստ նրա, ծնվել է Աբու Ղրաիբի զնդաններում, Իրաքում գտնվող ամերիկյան բանտերում։ «Այս զեկույցն ավելի է խորացնելու ատելությունը», - ասել է նա։

ԱՄՆ-ի օրենսդիրներից շատերը քննադատում են Սենատի հանձնաժողովին՝ զեկույցն այն ժամանակահատվածում հրապարակելու համար, երբ Վաշինգտոնը որոնում է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարն ուժգնացնելու ուղիներ, այն պահին, երբ այս խմբավորումն իր մոտ է պահում մի շարք պատանդների, որոնց սպառնում է գլխատման ենթարկվելու վտանգը։

Բարաք Օբամայի վարչակազմը, ընդունելով զեկույցը, հայտարարել է, թե արտասահմանյան երկրներում ԱՄՆ-ի շահերին ամենամեծ վնասը հասցրել են ոչ թե զեկույցը, այլ՝ գերիներին հարցաքննելու ընթացքում կիրառված խոշտանգումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG