Մատչելիության հղումներ

Սմբատ Հակոբյան․ «Կասկածի միակը օբյեկտը իշխող վարչակազմն է»


Սմբատ Հակոբյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 12-ը դեկտեմբերի, 2014թ․
Սմբատ Հակոբյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 12-ը դեկտեմբերի, 2014թ․

«Համագործակցում ենք բոլոր ուժերի հետ, որոնք պատրաստ են իշխանափոխության հասնելու», - ասում է ազատամարտիկը:

Կասկածի միակը օբյեկտը իշխող վարչակազմն է: Անդրադառնալով վերջին օրերին ազատամարտիկների նկատմամբ տեղի ունեցող բռնություններին՝ «Ազատության» հետ զրույցում այդ մասին հայտարարեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ, նախկին պատգամավոր Սմբատ Հակոբյանը՝ հավելելով, որ դրանում կասկածանքի նշույլ անգամ չի մնում:

Հակոբյանը նշեց, որ այժմ կարևոր գործընթացներ են իրականացնում՝ անմիջական հանդիպումներ են ունենում «բոլոր այն ուժերի հետ, որոնք այս ընթացքում միտումնավոր պետության կողմից ցաքուցրիվ են արվել»:

«Այսինքն, ստեղծվել են կազմակերպություններ, որոնց մեջ կան ազատամարտիկներ, քաղաքական գործիչներ, ում խնդիրը մեկ ժամ առաջ իշխանափոխության հասնելն է», - երեկ երեկոյան «Ազատության» հետ զրույցում ասաց Սմբատ Հակոբյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ հայ ժողովրդի պետականության անվտանգությունը ապահովված չէ ներկայիս իշխանությունների հետ ճանապարհը շարունակելու դեպքում, հետևաբար՝ հարկավոր է իշխանափոխություն:

«Բարձրացնել աթոռին այն մարդկանց, ովքեր վաղը կարողանալու են հայ ժողովրդի և պետականության անվտանգությունն ապահովել: Իշխանափոխությունը որևէ մեկիս, հատկապես ազատամարտիկների համար ինքնանպատակ չէ: Մենք ավելի խորն ենք զգում», - ասաց Սմբատ Հակոբյանը:

Ազատամարտիկն ասաց, որ համագործակցում են բոլոր այն ուժերի՝ այդ թվում և՝ եռյակի հետ, որոնք պատրաստ են օր առաջ իշխանափոխության հասնելու:

Հարցին, թե արդյոք մտքափոխ կլինե՞ն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ օրերս հնչեցրած համագործակցելու կոչից հետո, Սմբատ Հակոբյանն արձագանքեց, որ ամենամիամիտին էլ պարզ է, թե իրականում ինչ է կատարվում:

«Մի տեղ աքլոր են գողանում՝ կես ժամ հետո ոստիկանները գալիս են կանգնում, սկսում քննարկել, թե էդ աքլորը ոնց է գողացվել: Երեք օր է՝ հանրապետությունում շատ ճանաչված ու ազնվագույն մարդիկ՝ ի դեմս Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի և Սուրեն Սարգսյանի, ծեծի են ենթարկվել ու, ոնց ասեմ, էդ սառած վիճակը, ինտերվալը ես չեմ հասկանում», - ասաց Հակոբյանը:

«Եթե մեկ հանցագործ կա՝ դա ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանն է», - հայտարարեց ազատամարտիկը՝ մանրամասնելով․ - «Ինքը եթե իրեն իրավունք է վերապահում ի լուր ամբողջ աշխարհի ասի, որ «եթե մեկը փորձի իմ նախագահին որևէ բան ասի, կբռնեմ շան թուլի տեղ ականջները կկտրեմ», դա արդեն պետական հանցագործություն է: Ո՞նց կարող է մի անձ իր վրա պատժելու իրավունք վերցնի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG