Մատչելիության հղումներ

Տնտեսական գործընթացները բացատրելիս իշխանությունները անկեղծ չեն. Տնտեսագետ


Հայաստանի ֆինանսական շուկայի ներկա վիճակը, դրամի արժեզրկումը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությամբ բացատրելիս՝ Հայաստանի իշխանությունները բավականաչափ անկեղծ չեն, կարծում է տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Օբյեկտիվ պատճառների կողքին, ինչպիսին ռուբլու անկումն է և տրանսֆերտների նվազումը, տնտեսագետը նաև այլ գործոններ է նկատել: Ռուսաստանը սեփականաշնորհել է Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ոլորտները, այժմ էլ Հայաստանի ֆինանսական շուկայի վրա ազդեցության ավելի մեծ լծակներ ունի, քան մեր Կենտրոնական բանկը:

«Ո՞րքան տարադրամ են գնել ռուսական ընկերությունները նոյեմբեր ամսին... թաքցնում են այդ փաստը։ Ես կարծում եմ, որ խորքային իմաստով պատճառն այն է, որ ռուսական ընկերությունները միանգամից մտան տարադրամի շուկա՝ ցնցելու իրավիճակը։ Իսկ դա քաղաքական պատճառներ ունի՝ ևս մեկ անգամ մեզ համոզելու, որ «դե, տղերք, առանց մեզ ապագա չունեք»»,- ասաց տնտեսագետը։

Արա Գալոյանը կարծում է՝ նման հարձակման չէր դիմանա անգամ գերմանական տնտեսությունը.- «Ես խնդրում եմ հասկանալ, սա ամենևին էլ հակառուսական խոսք չէ։ Եթե Ամերիկան հավակներ այդքան շատ տնտեսական ոլորտներ իր կազմակերպություններով սեփականաշնորհել Հայաստանում, նույն կերպ պետք էր ընդդիմանալ Ռուսաստանի պարագայում։ Այդ դեպքում տվյալ երկիրը քո ֆինանսատնտեսական շուկայում ավելի հզոր լծակներ է ձեռք բերում, քան քո Կենտրոնական բանկը»։

Կենտրոնական բանկի որդեգրած նոր քաղաքականությունը՝ սակարկությունների միջոցով ամեն օր 6 միլիոն դոլար վաճառելը, ինչպես նաև նախատոնական առևտուրը, տնտեսագետի կարծիքով՝ իրավիճակը կայուն կպահի առնվազն մինչև հունվարի վերջ:

«Նոր գործիք է։ Տեսնենք ԿԲ-ի նոր գործիքը ինչ արդյունավետությամբ կաշխատի, չնայած մյուս կողմից ես կարծում եմ, որ ֆինանսական ոլորտի բոլոր ղեկավարների հույսը նաև այն է, որ ամենամեծ առևտրի սեզոնում բնակչությունը կհանի տարադրամային իր խնայողությունները շուկա և այս կամ այն չափով կմեղմվի տարադրամի քաղցը»,- ասաց տնտեսագետը։

Հայաստանի նման երկրներում գնաճն դրամի արժեզրկումից միշտ ավելի առաջ է ընկնում: Գործարարներին չի կարելի մեղադրել գները բարձրացնելու մեջ, կարծում է տնտեսագետը, բիզնեսի համար անկանխատեսելի իրավիճակ է, մարդիկ իրենց ռիսկերն են ցանկանում ապահովագրել:

Փոքր խանութներում և առևտրի կետերում մեր հարցումը ցույց տվեց, գները աճել են, հաճախորդները՝ պակասել:

«Ներկրողները դոլարով են ներկրում, եթե դոլարի կուրսը բարձրացնում է, բնականաբար, իրենք պիտի մեզ ավելի թանկ տան»,- ասաց խանութներից մեկը աշխատակիցը։

«Դրսի ապրանքները վնասով են վաճառվում, դոլարը բարձրանում է, մեր ծախածը զրո է դառնում»,- ասաց մեկ ուրիշը։

«Առաջինը՝ առևտուր չենք անում, երկրորդը՝ բոլորը թանկացրել են՝ ներկրողներն էլ, տեղական ապրանքն էլ են թանկացրել, թթվասերը, հացը ներկրո՞ւմ են»։

Մինչ այդ քաղաքացիները իրենց մաշկի վրա շատ ցավոտ զգում են գնաճի հետևանքները և ձգում են գոտիները:

«Կոպեկ-կոպեկ հաշվում ենք, ամեն ինչի մեջ խնայողություն ենք փորձում անել»,- ասում էր երևանցի մի կին։

Ազգային ժողովի պատգամավոր տնտեսագետ Արծվիկ Մինասյանը կարծում է՝ արժեզրկումը բնականոն շարունակվելու է, Կենտրոնական բանկն էլ չպետք է ձգտի ամեն գնով փոխարժեքը պահել: Իրավիճակը մեր օգտին դարձնելու համար արժեզրկման հետ զուգահեռ՝ պետք է բարձրացվեն աշխատավարձերն ու նպաստները։

«Ազգային տնտեսության համար շատ ավելի օգտակար կարող է լինել դրամի արժեզրկումը, բայց՝ փուլային, աստիճանական և ուղեկցվի եկամուտների ինդեքսավորմամբ՝ աշխատավարձեր, նպաստներ, կենսաթոշակներ, և մյուս կողմից ապահովել, որ ազգային տնտեսությունը, տեղական արտադրողները կարողանան իրենց ապրանքները դրսի շուկաների համար ավելի մատչելի, մրցակցային գներով իրացնել»,- ասաց պատգամավորը։

XS
SM
MD
LG