Մատչելիության հղումներ

Հայաստան այցելող ԱՄՆ քաղաքացիները ազատվում են մուտքի արտոնագրեր ձեռք բերելու պահանջից


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահը:

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահը:

Հայաստանի կառավարության որոշմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները 2015 թվականի հունվարի 1-ից կազատվեն Հայաստանի մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ ամերիկյան կողմը իր հերթին որոշակի զիջումներ է անելու Հայաստանի քաղաքացիների համար․ - «2015 թվականի հունվարի 1-ից դյուրացվելու է Հայաստանի քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի վիզայի ձեռք բերումը: Դա մի գործընթացի միայն սկիզբ է: Հունվարի 1-ից շատ կատեգորիաների տրվելու է ամերիկյան 10 տարվա և բազմակի վիզա»:

Ըստ արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի, Միացյալ Նահանգներ մուտքի արտոնագրի դյուրացումը տարածվելու է Հայաստանի քաղաքացիների լայն շերտերի՝ գործարարների, լրագրողների, զբոսաշրջիների, գիտնականների և ուսանողների վրա:

Հունվարի 1-ից հետո ԱՄՆ քաղաքացիները կկարողանան այցելել Հայաստան և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատվելով մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Եվրասիական տնտեսական միության անդամակցության ճանապարհին և Արևմուտք - Ռուսաստան առճակատման ֆոնին Հայաստանը միակ երկիրն է, որը վիզայի ազատականացում է սահմանում Արևմուտքի համար։

Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը դրական է համարում իշխանությունների այս քայլը․ - «Սա մեզ կարևոր է այն առումով, որ, մտնելով Մաքսային միություն և Եվրասիական տնտեսական միություն, մենք նաև պետք է ամեն կերպ ձգտենք օտարերկրյա ներդրումներ բերենք Հայաստան, և սա հնարավորություն կտա գործարարներին ավելի դյուրացված կարգով այցելել Հայաստան: Ես գիտեմ, որ նաև հիմա վերաբանակցվում է կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագիրը, որ մենք ունենք ԱՄՆ-ի հետ, որովհետև մի շարք խնդիրներ են առաջանում: Դա նույնպես կնպաստի, որ ներդրողների համար ավելի հարմար պայմաններ ստեղծվեն»:

Միացյալ Նահանգների քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման մասին առաջինը հայտարարեց փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը այս տարվա մայիսին՝ ընդգծելով, որ այդ քայլը վկայում է Հայաստան - Միացյալ Նահանգներ սերտացող հարաբերությունների մասին:

Ավելի վաղ Հայաստանը առանց վիզայի ռեժիմ էր սահմանել Եվրամիության քաղաքացիների համար՝ նրանց տալով Հայաստանում 90 օր առանց մուտքի արտոնագրի մնալու հնարավորություն:

XS
SM
MD
LG