Մատչելիության հղումներ

Հայաստանի և Եվրոպայի խորհրդի «նպատակներն ամբողջությամբ համընկնում են»


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը նշել է, որ որպես ԵԽ անդամ՝ Հայաստանն օգտվել և օգտվում է կազմակերպության փորձագիտական ներուժից, ինչն էական նշանակություն ունի մեր երկրի օրենսդրությունն ու պրակտիկան եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու, Հայաստանի հատուկ և կանոնադրային պարտավորությունները կատարելու առումով:

Օլեքսանդր Պավլյուկը ևս արդյունավետ է համարել Հայաստանի հետ իր գլխավորած գրասենյակի համագործակցությունը և անցած երկու տարիներին Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ մեծածավալ աշխատանքը՝ նշելով, որ ժողովրդավարական գործընթացները խորացնելու և ամրապնդելու նպատակով, ՀՀ արտգործնախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ քննարկվում է նոր՝ 2015-2017թ.թ. Գործողությունների ծրագիր մշակելու հարցը:

«Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ դառնալուց հետո առաջին անգամ, 2013թ. մայիսի 16-ին վեց ամիս ժամկետով ստանձնելով ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը, Հայաստանը հաջողությամբ իրականացրեց իր առաքելությունը, որը ԵԽ-ում արժանացել է նաև կազմակերպության ղեկավարության դրական գնահատականներին: ԵԽ-ի հետ մեր երկրի արդյունավետ համագործակցությունը նախագահ Սերժ Սարգսյանը պայմանավորել է նաև այն հանգամանքով, որ Հայաստանի և ԵԽ-ի նպատակներն ամբողջությամբ համընկնում են»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG