Մատչելիության հղումներ

Հիմնադրամ դարձած բուհերի ռեկտորները կարող են հավերժ պաշտոնավարել


Պետական ոչ առևտրային կազմակերպությունից հիմնադրամ դառնալով՝ բուհերն ինքնավար են դառնում, իսկ ռեկտորները՝ գրեթե հավերժ:

Եթե պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կարգավիճակում բուհի ռեկտորը կարող էր պաշտոնավարել մինչև 65 տարեկանը, ապա հիմնադրամի դեպքում տարիքային որևէ սահմանափակում չի դրվում: Հիմնադրամի կարգավիճակ ստացած Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, թեպետ պնդեց, որ սա իրեն չի վերաբերում, այդուհանդերձ ընդունեց, որ նոր փոփոխությունից հետո 10 տարի անընդմեջ ռեկտորի աթոռը զբաղեցնող անձը կարճատև ընդմիջումից հետո նորից կարող է վերադառնալ այդ պաշտոնին:

«Իսկապես դուրս է գալիս, որ հիմնադրամների համար այդպիսի սահմանափակում նախատեսված չէ, բայց երկու անգամ անընդմեջ ընտրության սահմանափակումը կա նաև հիմնադրամի ղեկավարի համար», - ասում է Սիմոնյանը:

Այդուհանդերձ իրավաբանները պնդում են, Կրթության և գիտության նախարարությունն էլ հաստատում՝ իրականում ռեկտորների պաշտոնավարման ժամկետների հետ ամեն ինչ այնքան էլ հստակ չէ: Նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը չբացառեց, որ ինքնավար դարձած բուհի ռեկտորն առաջին հերթին ինքը օգտվի այդ ինքնավարությունից:

Հիմնադրամի ղեկավարին ընտրում է կառավարման խորհուրդը: Իրավաբան Արսեն Թավադյանը նկատում է՝ հիմնադրամը շատ հանգիստ կարող մշակել սեփական կանոնակագը․ - «Ղեկավարների ընտրության հարցը ՊՈԱԿ-ի դեպքում է թողնվում բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքին: Այսինքն, հիմնադրամների դեպքում հղում դեպի բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքը չկա: Հետևաբար ստացվում է, որ ռեկտորների ընտրության հարցը և դրանց պաշտոնավարման ժամկետի հարցը թողնված է կանոնադրությանը: Հարցը լուծվել է ոչ թե օրենքով, այլ Կառավարության որոշմամբ, որը հնարավոր է նաև փոփոխել ավելի հեշտ, քան թե օրենքն է հնարավոր փոփոխել»:

ԵՊՀ-ի ռեկտորի կարծիքով՝ հիմնադրամի կարգավիճակը մի շարք հարցերում ազատում է բուհի ձեռքերը․ օրինակ, կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ սարքավորումները՝ շրջանցելով գնումների մասին օրենքի սահմանափակումները, տնտեսել և այլևս պետական գանձարան չփոխանցել բուհի արտաբյուջետային միջոցները և սեփական միջոցներով վերահսկել ֆինանսական ելքերն ու մուտքերը:

Մյուս կողմից՝ հարկ է նշել, որ հիմնադրամի դեպքում բուհի նկատմամաբ պետական վերահսկողությունը թուլանում է, ինչի հետևանքով շատանում են կոռուպցիոն ռիսկերը: Սիմոյանը չբացառեց այս վտանգը՝ ասելով, թե ղեկավարությունը կփորձի դրանք սեփական ուժերով զսպել: - «Իհարկե, ինչպես միշտ, այնպես էլ հիմա բոլոր մեխանիզմները գործելու են», - ասաց նա:

Բաց է մնում նաև հարցը, թե ով և ինչպես է տնօրինելու բուհերի գույքը նոր կարգավիճակում: Իրավաբան Թավադյանը կառավարության որոշման մեջ այս հարցերի պատասխանները դեռ չի տեսել և պարզ չէ՝ «ինչ է լինելու կոնկրետ համալսարանների շենքերի հարցը, այդ համալսարանները կփոխանցվեն կոնկրետ հիմնադրամներին սեփականության իրավունքո՞վ, թե՞ կմնան Կառավարությանը՝ կհանձնեն բուհերին օգտագործման իրավունքով»:

Այդուհանդերձ ԵՊՀ ռեկտորը հավաստիացնում է՝ Կառավարությունը շարունակելու է շենքերը անհատույց տրամադրել բուհերին, ընդ որում՝ ազատելով գույքահարկ վճարելու բեռից: ԵՊՀ ռեկտորին հիշեցրեցին Թատերական ինստիտուտի շենքի պատմությունը, երբ բուհի ռեկտորն այն պարզապես վաճառել էր: ԵՊՀ ռեկտորը բացառում է այս վտանգը:

«Անկախ այն բանից, թե ինչպիսի ղեկավարություն կունենա բուհը, պետական գույքը, որը տրված է անհատույց և անժամկետ օգտագործման համար, չի կարող լինել օտարման առարկա, եթե դրա մասին չկա պետության կամ կառավարության հատուկ որոշում», - մեկնաբանեց Սիմոնյանը:

Հիմնադրամ դառնալով՝ բուհը չի կորցնում իր պետական կարգավիճակը, ուստի պետպատվերի շրջանակում ընդունելություններ լինելու են:

ԿԳՆ-ից մեզ փոխանցեցին, որ առաջիկայում պետական այլ բուհեր ևս ՊՈԱԿ-ից հիմնադրամ կդառնան: Քիչ հավանական է, սակայն, որ այդ ճանապարհով կգնան նաև արվեստի բուհերը․ կառավարությունից փոխանցեցին, թե վերջիններս պարզապես չեն կարող գոյատևել ինքնաֆինանսավորմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG