Մատչելիության հղումներ

logo-print

Արթուր Ալեքսանյան. Պարտավորեցնող է Հայաստանի լավագույն մարզիկի կոչումը


Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը պատվո պատվանդանին, 7-ը օգոստոսի, 2012թ․

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը պատվո պատվանդանին, 7-ը օգոստոսի, 2012թ․

Մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվել են Հայաստանի 2014 թվականի տասը լավագույն մարզիկները: Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է այս տարվա լավագույնը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը ստացավ իր երկար սպասված կոչումը:

«Ազատության» հետ զրույցում Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող Արթուր Ալեքսանյանն ասաց. - «Երկար սպաված մրցանակ էր: Անցած երկու տարիներին հայտնվում էի 2-րդ հորիզոնականում: 2014-ին հաղթել եմ բոլոր մրցաշարերում և շատ էի ուզում ճանաչվել լավագույնը»:

Հարցին, թե ինչ է տալիս այս կոչումը, Արթուրը պատասխանեց. - «Պարտավորեցնում է: Հայաստանի պես մարզական երկրում լավագույն մարզիկի կոչումը պարտավորեցնում է ավելի լավը լինել»:

30 լրագրողների հարցման արդյունքում Ալեքսանյանը հավաքել է 300 միավոր: 270 միավորով 2-րդ տեղում է 2014-ի աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Եռյակը եզրափակում է ծանրամարտիկ Ռուբեն Ալեքսանյանը, ով աշխարհի առաջնությունում վատ ելույթ ունեցավ և մրցանակային տեղ չզբաղեցրեց՝ 189 միավոր:

4-10-րդ տեղերը զբաղեցրել են Գրիգոր Գրիգորյանը, Վանիկ Ավետիսյանը, Հովհաննես Դավթյանը, Տիգրան Կիրակոսյանը, Մավրիկ Նասիբյանը, Արթուր Դավթյանը և Գարիկ Բարսեղյանը:

Լավագույն հավաքական է ճանաչվել Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ընտրանին, որը ոսկե մեդալների հաշվարկով առաջին տեղն է գրավել Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG