Մատչելիության հղումներ

logo-print

Ազատամարտիկները սպասում են հետաքննության արդյունքներին


Իրենք՝ ծեծի ենթարկված ազատամարտիկները, իրավապահներին չեն դիմել, ասում են՝ չենք վստահում։

Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել ազատամարտիկներին ծեծի ենթարկելու վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը ծեծի էին ենթարկվել անհայտ անձանց կողմից:

Իրենք՝ ազատամարտիկները իրավապահներին չեն դիմել, ասում են՝ չենք վստահում։

Ոստիկանությունը ծառայողական քննություն չի անցկացնի՝ պարզելու, թե արդյոք Ոստիկանական զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը առնչություն ունի օրեր առաջ ազատամարտիկներին ծեծի ենթարկելուն։

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը շարունակում են հայտարարել, թե դեպքը տեղի է ունեցել բարձրաստիճան ոստիկանի հետ կերուխումից րոպեներ անց՝ ռեստորանի բակում։

Մամուլը գրում է, թե Երանոսյանի թիկնապահներն են հաշվեհարդար տեսել իշխանափոխություն պահանջող ազատամարտիկների հետ, մինչդեռ ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ Երանոսյանը թիկնապահներ չունի:

Լևոն Երանոսյանի հրավերով «Գետափ» ռեստորան այցելած Ռազմիկ Պետրոսյանն ասում է, թե մարտական ընկերոջ հետ քննարկել են տարբեր հարցեր՝ անցյալից մինչև ներկա, կենցաղից մինչև քաղաքականություն։ Երանոսյանի հարցին, թե ինչու են իշխանափոխություն պահանջում, պնդել են իրենց տեսակետը՝ առանց որևէ հայհոյանք հնչեցնելու որևէ մեկի հասցեին։ Բաժանվել են ողջագուրանքներով, ջերմ մթնոլորտում։

«Մենք ընդամենը խոսել ենք մենք ինչ ենք ուզում էս երկրից․․․ ինչն ա վատ: Ես ասել եմ՝ էս-էս խնդիրները: Մենք հպանցիկ ենք հիմնականում էդ թեմաներին անդրադարձել», - «Ազատության»-ն ասաց Պետրոսյանը:

«Ապարան» ջոկատի հրամանատարը չհստակեցրեց՝ արդյո՞ք պատահականություն էր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի հրավերը հենց այս ժամանակահատվածում, նշեց միայն, որ փաստեր չունի նրա առնչության վերաբերյալ։ Բայց «մի բան կասկածելի է թվացել»․ - «Միակ բանը, որ ես կասկածել եմ․․․ երբ իրա վարորդն ա եկել, ինքը [վարորդը] կարացավ զսպել դրանց»:

Չնայած կասկածներին՝ Ռազմիկ Պետրոսյանն ու Մանվել Եղիազարյանը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են Ոստիկանական զորքերի հրամանատարի առնչությունը կատարվածին։

«Մի բան ակնհայտ է», - ասում է ազատամարտիկը․ - «այս ամենն ուղղորդված է իշխանությունների կողմից: Ուրիշ ի՞նչ կարամ մտածեմ: Ամեն դեպքում հո էդ երիտասարդները Երանոսյան Լյովայից շատ նվիրված չէի՞ն իշխանություններին»:

«Իշխանությունները Երանոսյանին ուղարկել էին՝ զգուշացնելու մեզ, որ խելոք մնանք», - ասում է «Գետափ» ռեստորանի դեպքից երկու օր անց դիմակավորված անձնաց կողմից ծեծված ազատամարտիկ Սուրիկ Սարգսյանը։

Սալջարդերով, ուղեղի ցնցումով հիվանդանոց տեղափոխված ազատամարտիկն ասում է՝ իշխանությունները ավելի վախեցան, երբ տեղեկացան ոչ իշխանական եռյակի հետ իրենց հանդիպումների մասին։ Եռյակի ղեկավարների հետ նրանք քննարկել էին իշխանափոխության հասնելու ուղիները։

Սարգսյանն ասում է, որ առաջիկայում ևս նման հանդիպումներ կացկանցնեն․ - «Երանոսյանը ինքն իրենով ոչ ոք է: Հրահանգները դուք գիտեք որտեղից են գալիս: Ուրեմն հրահանգը կա: Իրան ուղղակի ասում են, անում ա: Դրա անունը ինչ ուզում եք, դրեք: Որ ծառայում ա Սերժ Սարգսյանին՝ երբ ինչ ասեն, պիտի անի․․․ Հրահանգ ստանում են՝ անում են»:

«Ազատամարտիկների դաշինք»-ի երեք անդամներին ծեծի ենթարկելու դեպքը դատապարտել են ոչ իշխանական ՀԱԿ-ը և «Ժառանգություն» կուսակցությունը:

«Փոքրոգի ու զազրելի այս արարքով Սերժ Սարգսյանի վարչախումբը նաև ցուցադրում է իր վախը ամբողջական իշխանափոխության օրակարգով ծավալված համաժողովրդական շարժման նկատմամբ, որին աջակցում է նաև Ազատամարտիկների դաշինքը», - նշվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։

Բանտից դատապարտող հայտարարություն է տարածել նաև պահեստազորի գնդապետ, խարդախության համար դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG