Մատչելիության հղումներ

ՏՄՊՊՀ. Թանկացումները համահունչ են փոխարժեքի տատանումներին


ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյան

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյան

Մի քանի ապրանքային շուկաներում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները մինչև այս պահը ցույց են տվել, որ վերջին թանկացումները մեծ հաշվով համահունչ են փոխարժեքի տատանումներին և չեն գերազանցում փոխարժեքի արժեզրկման վերին շեմը։

Գոնե այս պահին թանկացումներում խոշոր տնտեսվարողների կողմից չարաշահումներ հանձնաժողովը չի բացահայտել, այսօր կառավարության նիստում հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

Նոյեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի 10-ը հանձնաժողովն ուսումնասիրել է 16-ից 17 անուն առաջին անհրաժեշտության ապրանքների գները՝ շաքարավազ, հավի միս, հավկիթ, կարագ, ձեթ, սուրճ ալյուր և այլ ապրանքատեսակներ՝ պարզելով, որ թանկացումները տատանվում են 2-13 տոկոսի միջակայքում։

«Փոխարժեքի արժեզրկումը իր ուղղակի և անմիջական ազդեցությունն է թողել ներմուծված ապրանքների գների վրա, որոնք սկսել են բարձրանալ նոյեմբերի 20-ից սկսած։ Այնուհետև գնային բարձրացումներ են արձանագրվել նաև տեղական արտադրության ապրանքային շուկաներում։ Տեղական արտադրության շուկաներից հանձնաժողովի տեսադաշտում է գտնվում կաթնամթերքի ոլորտը»,- ասաց Շաբոյանը։

Հանձնաժողովը գտնում է, որ փոխարժեքի տատանումները կարող էին ազդել նաև կաթնամթերքի գների բարձրացման վրա, քանի որ կաթնամթերքի որոշ բաղադրիչներ ներմուծվում են, ինչի հետևանքով տեղի կունենար ինքնարժեքի փոփոխություն։

«Բացի այդ, ձմռան ամիսներին տվյալ ժամանակահատվածում հանրապետությունում կաթնամթերքի արտադրության ծավալները կրտուկ նվազում են և փոխարժեքը կարող է ներմուծված կաթի փոշու միջոցով իր ազդեցությունը թողնել կաթնամթերքի գների բարձրացման վրա։ Սա դեռևս վերջնական դիրքորոշում չէ։ Մենք լայնածավալ ուսումնասիրություն ենք սկսել այս հարցի կապակցությամբ՝ հաշվի առնելով, որ կաթնամթերքի ոլորտը հասարակական հնչեղություն է ստացել և ուսումնասիրության ավարտից հետո մենք մեր վերջնական դիրքորոշումը կներկայացնենք»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրությունները տարբեր ապրանքային շուկաներում շարունակվելու են, ու խստագույնս պատժվելու են այն տնտեսվարողները, որոնք թույլ կտան չարաշահումներ։

«168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եթե Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը լավ ուսումնասիրի, խախտումներ կգտնի։

«Կան շատ օրինակներ, երբ, մասնավորապես, կենցաղային էլեկտրոնիկայի խանութները խոշոր գնումների դեպքում հրաժարվում են ապրանք վաճառել։ Այսինքն կան օրինակներ, երբ մարդը ուզեցել է բջջային հեռախոս կամ հեռուստացույց գնել, չեն վաճառել, որովհետև հետո ներմուծողը այդ գումարը պետք է վերածի դոլարի ու գնա նոր ապրանք բերի, բայց ներմուծողը չգիտի՝ առավոտյան ինչ փոխարժեք է լինելու»,- ասաց Թունյանը։

Արձագանքելով Կենտրոնական բանկի կանխատեսումներին, թե գնաճը տարվա ընթացքում կլինի թույլատրելի միջակայքում, Բաբկեն Թունյանը, այդուամենայնիվ, կարծում է՝ դրա ազդեցությունը մարդկանց գրպանի վրաշատ զգալի է լինելու։

«Թանկացումը տեղի է ունենում միաժամանակ, շեշտակի ու բոլոր ապրանքների մասով։ Այդ առումով բնակչությունը դա միանգամից կզգա, ոչ թե տարվա ընթացքում գները սահուն բարձրացան, այլ միանգամից 15-20 օրվա մեջ մարդը զգաց, որ գնողունակությունը ահագին ընկել է, և դեռ հասկանալի չէ, թե ինչ ինչքանով կընկնի»,- նկատեց Թունյանը։

Տնտեսագետը թեև համամիտէ, որ ներկրվող ապրանքների թանկացումը կարող է համահունչ լինել դրամի արժեզրկմանը, այդուհանդերձ, հակասություն է տեսնում.- «Մի կողմից խոսք էր գնում այն մասին, որ փոխարժեքի ճշգրտումը նպաստելու է տեղական արտադրությանը, արտահանմանը, մյուս կողմից հիմա պարզվում է, որ մեր տեղական արտադրությունը կախված է ներմուծվող հումքից, այսինքն նույն չափով թանկանալու է և ի չիք է դարձնելու այն դրական էֆեկտը, որ ակնկալվում էր»։

Տնտեսական մեկնաբանը զերծ է մնում գների հետագա հնարավոր աճի մասին կանխատեսումներից, այդուհանդերձ, վստահ է, որ նոր զարգացումները կախված են լինելու Ռուսաստանի տնտեսության վայրիվերումներից։

XS
SM
MD
LG