Մատչելիության հղումներ

logo-print

Լևոն Զուրաբյան․ «Բռնապետի ոստիկանապետը կարող է թույլ տալ նման հայտարարություններ»


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան

Մինչ ոստիկանապետը հայտարարում է, թե իշխանափոխություն չի կանխատեսում, ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները վստահեցնում են՝ իշխանափոխությունը ուժի մեջ է, ոչ իշխանական երեք ուժերի առաջիկա ծրագրում արտահերթ ընտրություններ են:

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ մինչև 2018 թվականի ընտրությունները իշխանափոխություն չի կանխատեսում, քանի որ ոստիկանությունը ունի ծպտյալ ծառայություններ, որոնց միջոցով էլ ինքը տեղյակ է, թե Հայաստանում ով ինչ է մտածում։

Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով սա բռնապետական երկրի ոստիկանապետի հայտարարություն է։ Նրա խոսքով, եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր լիներ, այս հայտարարության համար Վլադիմիր Գասպարյանը կկորցներ պաշտոնը, մինչդեռ մեր երկրում նման հայտարարությունները անհետևանք են մնում։

«Այս երկրում չեն գործում օրենքները, այս երկրում, ցավոք սրտի, չեն գործում ժողովրդավարական պարզագույն արժեքները և բռնապետի ոստիկանը, ոստիկանապետը իրեն կարող է թույլ տալ նման հայտարարություններ, որոնք շատ վրդովեցուցիչ կարող էին ընկալվել, եթե մենք չհասկանայինք, թե ինչ երկրում ենք ապրում», - ասում է նա:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան

«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանի խոսքով էլ ակնհայտ է, որ ոստիկանապետը իր լիազորությունների շրջանակներից դուրս է եկել և խառնվում է քաղաքական կյանքին։ Այս հայտարարությամբ Վլադիմիր Գասպարյանը պաշտպանում է Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժը, վստահ է Զարուհի Փոստանջյանը և ընդգծում՝ ոստիկանությունը ծպտյալ ծառայություններ ունենալու ու քաղաքական ուժերի մասին տեղեկություններ հավքագրելու իրավունք չունի։

«Ի՞նչ է նշանակում՝ մենք ծպտյալ ծառայությունների միջոցով հետևում ենք քաղաքական գործունեությանը, այսինքն՝ քաղաքական ընդդիմախոսներին մենք հետևում ենք: Սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար հետապնդվում են, նրանց հետևում են», - ասում է Փոստանջյանը:

Լևոն Զուրաբյանն էլ կարծում է, որ ոստիկանապետը, թերևս, չի հասկացել, որ իր պարտականությունը սահմանադրական և հասարակական կարգի պահպանումն է, այլ ոչ թե քաղաքականությանը միջամտելը:

Լևոն Զուրաբյանն էլ կարծում է, որ ոստիկանապետը թերևս չի հասկացել, որ իր պարտականությունները սահմանադրական և հասարակական կարգի պահպանումն է, այլ ոչ քաղաքականությանը միջամտելը։ Զուրաբյանի խոսքով, ռեժիմը ընդամենը փորձում է ինքն իրեն հանգստացնել՝ հայտարարելով, թե եռյակը իշխանափոխություն չի իրականացնի:

«Գնահատում եմ որպես ինքնահիպնոս և ինքնաներշնչանք: Ռեժիմի ներկայացուցիչները իրենք իրենց, իրենց ենթականերին, իրենց քիչ մնացած քաղաքական հենարանին փորձում են ներշնչանքի այսպիսի վարժություններով, մանտրաներով համոզել, որ ամեն ինչ նորմալ է», - ասում է նա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյան

«Բարգավաճ Հայաստանում» ևս ամբողջական իշխանափոխության են պատրաստվում։ Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իշխանափոխությունից հետո փոխելու են պետական կառավարման համակարգը, իսկ ստեղծված իրավիճակի համար պատասխանատուներն էլ հեռացվելու են պաշտոններից:

«Վերից վար՝ բոլոր պատասխանատուներին, ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսակերպն անհնարինության հասցրածներին, պետական կառավարման և որոշումների կայացման դաշտից հեռացնելով․․․ որքան շուտ՝ այնքան լավ: Օր առաջ, որովհետև կյանքը մեր երկրում դարձել է անհնարին, իսկ կառավարումը անարդյունավետ», - ասում է Ուրիխանյանը:

XS
SM
MD
LG