Մատչելիության հղումներ

logo-print

Ընտրվել է Համազգային թատրոնի շենքի նախագիծը


Armenia -- The logo of Hamazgayin State Theatre, undated.

Armenia -- The logo of Hamazgayin State Theatre, undated.

Հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել ճարտարապետ Լևոն Ղալումյանի արվեստանոցի ներկայացրած նախագիծը:

Անկախության առաջին իսկ տարիներին Սոս Սարգսյանի հիմնած Համազգային թատրոնը այսօր գործում է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դահլիճում:

Իր կենդանության օրոք Սոս Սարգսյանը շարունակ փորձում էր թատրոնի համար շենք կառուցելու հնարավորություններ գտնել: Նրա մահվանից մեկ տարի առաջ իշխանությունները (երկրի նախագահի մակարդակով) խոստացան Համազգայինի համար շենք կառուցել Գլխավոր պողոտայում: Դա, սակայն, հարուցեց մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ բողոքը, թե՝ շենքը կառուցվելու է մայրաքաղաքի կենտրոնական հատվածի կանաչապատ տարածքների հաշվին:

Այսօր հրավիրած ասուլիսում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը «Ազատության» հարցին, թե արդյոք թատրոնի ապագա շենքի վայրը ճիշտ է ընտրված, պատասխանեց, որ ակտիվիստների մտահոգություններն այլևս փարատվել են․ - «Այդ ակտիվությունը, որ ծագեց, իմ կարծիքով, արհեստածին էր, որովհետև մենք ինքներս․․․ եթե դուք հիշում եք, Սոս Սարգսյանը ինքը հիմնել էր «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությունը, որի նպատակը կարելի է մեկ նախադասությամբ ասել՝ ծառերով լցնել Հայաստանը: Հետևաբար այդ մարդու և այդ մարդու թատրոնի դեմ խոսել այդ դիրքից, ճիշտ չէ»:

Այնուհետև նա հնչեցրեց իր փաստարկները․ - «Նախ, այդ տարածքը՝ Արամի և Բուզանդի փողոցների, Գլխավոր պողոտայի վերջնամասի մասին է խոսքը, այնտեղ կանաչ գոտի չէ, աղբանոց է: Օբյեկտիվ լինենք՝ աղբանոց է, և մենք այդ աղբանոցը ուզում ենք սարքել մշակույթի կենտրոն»:

Թատրոնի տնօրենի փոխանցմամբ՝ այդ խոսակցությունները դադարեցին այն ժամանակ, երբ հայտարարվեցին շենքի կառուցման համար հայտարարված մրցույթի պայմանները․ - «Այն է՝ ոչ մի մետր չպետք է վերցվի հանրային տարածքից, չպետք է որևէ կերպ խանգարի թունելին, չպետք է խանգարի մետրոյի հեռանկարային գծին: «Համազգային» թատրոնի շենքի այսօրվա նախագծի հաղթողը Լևոն Ղալումյանի արվեստանոցն է: Եվ Ղալումյանը տվեց մի լուծում, որը բոլոր այդ կետերին համապատասխանում է»:

Շենքը կառուցելու համար, սակայն, միայն նախագիծը բավարար չէ․ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ․ - «Նախնական հաշվարկով Համազգային թատրոնի շենքի կառուցման համար անհրաժեշտ է մոտ 4 միլիոն դոլար: Մենք ունենք մոտ 4 հազար դոլար: Այսինքն, իրականում շատ հեռու ենք այդ թվից: Բայց նաև օբյեկտիվ լինելու համար պետք է ասեմ, որ մենք մեծ մասշտաբի միջոցառումներ դեռ չենք իրականացրել: Դրանք նախատեսվում են 2015 թվին»:

Տնօրենը նկատի ունի դրամահավաքը, որը ծրագրում են իրականացնել բարեգործական համերգների, ներկայացումների, արշավների, ճաշկերույթների միջոցով:

Հարցին, թե ինչ է ակնկալվում պետության կողմից, Մկրտչյանն արձագանքեց․ - «Առանց պետական աջակցության այս ծրագիրը պետք է համարենք անիրատեսական: Ավելին ասեմ՝ մեր թիմի կանխատեսումը հետևյալն է․ մաքսիմումը, որ մենք կարող ենք հավաքել տարբեր միջոցառումների, տարբեր կազմակերպությունների ու անհատների շնորհիվ, կարող է հասնել լավագույն դեպքում մինչև մեկ միլիոն»:

Հարկ է նշել, որ նորանկախ Հայաստանում ցայսօր թատրոնի նոր շենք չի կառուցվել:

XS
SM
MD
LG