Մատչելիության հղումներ

Հայաստանը երրորդ ամենառազմականացված երկիրն է աշխարհում


Հայաստան - Երևանում անցկացվող զորահանդեսի ժամանակ ցուցադրվում են 9K72 (Scud-B) բալիստիկ հրթիռները, արխիվ

Հայաստան - Երևանում անցկացվող զորահանդեսի ժամանակ ցուցադրվում են 9K72 (Scud-B) բալիստիկ հրթիռները, արխիվ

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի հերթական հետազոտության համաձայն՝ Ադրբեջանը եզրափակում է առաջին տասնյակը:

Մոլորակի ռազմականացվածության մակարդակի վերաբերյալ Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի հրապարակած հերթական հետազոտությունում, որը արտահայտում է 2013 թվականի իրադրությունը, Հայաստանն ու Ադրբեջանը ամենառազմականացված երկրների տասնյակում են՝ համապատասխանաբար երրորդ և տասներորդ տեղերում:

Զեկույցը կազմելիս հեղինակները համեմատել են տվյալ երկրի ռազմական ծախսերը համախառն ներքին արդյունքի և առողջապահությանն ուղղվող ծախսերի հետ, փորձել հասկանալ, թե ընդհանուր բյուջեի որ մասն է հատկացվում ռազմական ոլորտին: Մյուս ցուցանիշը բանակի անձնակազմի թիվն է, որը հեղինակները համեմատել են երկրի բնակչության թվի հետ` հասկանալու համար, թե ընդհանուր բնակչության քանի տոկոսն է ներգրավված ռազմական ոլորտում: Մյուս չափանիշը տվյալ երկրում մեկ շնչին ընկնող ծանր զինատեսակների քանակն է:

Բոննի կենտրոնն օգտվել է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներից:

Այսպիսով, մոլորակի ամենառազմականացված երկիրը, ըստ զեկույցի, Իսրայելն է, երկրորդ տեղում Սինգապուրն է, երրորդը՝ Հայաստանը, որին հաջորդում են Սիրիան, Ռուսաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Հորդանանը, Հունաստանը և Ադրբեջանը: Ուշագրավ է, որ Հայաստանի հարևան Վրաստանը 47-րդ տեղում է:

Չինաստանը 152 երկրներից բաղկացած ցանկում 89-րդն է, Միացյալ Նահանգները՝ 31-րդը:

Իսրայելն ու Սինգապուրն արդեն մի քանի տարի շարունակ առաջին հորիզոնականներն են զբաղեցնում այս վարկանիշում:

Հայաստանը 2013 թվականի զեկույցի համաձայն 150 երկրների շարքում չորրորդ տեղում էր, Ադրբեջանը՝ 8-րդը:

1990 թվականից իրականացվող այս հետազոտության հեղինակները նշում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմականացվածության բարձր մակարդակը պայմանավորված է երկու երկրների միջև տարիներով ձգձգվող հակամարտությամբ: Փորձագետները նշում են նաև, որ Ռուսաստանը երկու երկրներին էլ զենք է մատակարարում:

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի փորձագետ Քոնրադ Շեյթերի կարծիքով՝ իրավիճակը վտանգավոր է, և քաղաքական դերակատարները պետք է միջամտեն լարվածության հետագա աճը կանխելու համար:Շեյթերը միևնույն ժամանակ նշում է, որ Հարավային Կովկասում ռազմականացումը պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում: Փորձագետի կարծիքով, դա կապված է այն ռազմական բարեփոխումների հետ, որը Ռուսաստանը իրականացնում է 2008 թվականից՝ արդիականացնելով սպառազինությունների համակարգը և մեծացնելով պաշտպանական ձեռնարկությունների հզորությունը:

XS
SM
MD
LG