Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը միակարծիք են Ղարաբաղի հարցում


Երեք երկրների արտգործնախարարները Կարսում համատեղ հայտարարություն են ընդունել:

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը միակարծիք են` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Այս մասին ասված է երեք երկրների արտաքին գործերի նախարարների կողմից չորեքշաբթի օրը Կարսում ընդունված համատեղ հայտարարությունում:

«Քննարկելով տարածաշրջանում առկա իրավիճակը՝ մենք փոխադարձաբար վերահաստատում ենք աջակցությունը միմյանց ինքինիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այս առթիվ մեկ անգամ ևս կոչ ենք անում շուտափույթ կերպով հանգուցալուծել Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շուրջ ծավալված հակամարտությունը, ինչպես նաև Վրաստանի տարածաշրջաններում` Աբխազիայում և Ցխինվալիում (Հարավային Օսիա) առկա կոնֆլիկտները: Այս հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի հիմնարար նորմերի` մասնավորաբար ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա», - նշված է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից Կարսում ընդունված համատեղ հայտարարության մեջ:

Տարածաշրջանային կոնֆլիկտները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Կարսում կայացած՝ այս ձևաչափով անցկացվող թվով չորրորդ հանդիպման հիմնական թեմաներից էին: Դա պարզ դարձավ նաև այն հայտարարություններից, որ հնչեցրին նախարարները համաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հայաստանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի հարևանների հետ հարաբերություններում առկա խնդիրները կարգավորելու համար», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով․ - «Հայաստանը բանակցային այս ձևաչափից դուրս է մնացել առկա խնդիրների պատճառով: Մենք կուզեինք, որ Հայաստանը ևս միանար մեզ` հարգելով հարևանների սահմանները: Այդ դեպքում շղթան կամբողջանա»:

Չավուշօղլուն հատուկ ընդգծել է, որ Անկարայի դիրքորոշումը չի փոխվել․ - «Տարածաշրջանային հակամարտությունների հարցում Թուրքիան իր միանշանակ աջակցությունն է հայտնում թե՛ Վրաստանին և թե՛ Ադրբեջանին»:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միջազգային համաձայնագրերի հիման վրա», - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի Կարսում հնչեցրած հայտարարությունն է մեջբերում Թուրքիայի պաշտոնական Anadolu լրատվական գործակալությունը:

Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլիի պնդմամբ էլ` «Կարսի հանդիպումը կարող է կենսական նշանակություն ունենալ տարածաշրջանում առկա սպառնալիքներին հակազդելու գործում»:

Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ եռակողմ բանակցությունների ընթացքում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի իրագործումը, մասնավորաբար՝ Հայաստանը շրջանցող Բաքու - Ախալքալաք - Կարս երկաթուղու շինարարության ընթացքը: Կարսի եռակողմ հայտարարության մեջ այս երկաթգծի շինարարության մասին հատուկ հիշատակում կա:

«Ընդգծելով Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու կարևորությունը՝ որպես Ասիան և Եվրոպան միմյանց կապող մրցակցային ուղի, որը կխթանի առևտրային կապերի ընդլայնումն ու զարկ կտա տնտեսական զարգացմանը, նախարարները կոչ են անում բոլոր շահագրգիռ կոչմերին անել ամեն հնարավորը նախագիծը շուտափույթ կերպով ավարտին հասցնելու համար», - նշված է Չավուշօղլուի, Մամեդյարովի և Բերուչաշվիլիի համատեղ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, ի դեպ, որ վերջին անգամ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարությունը շուտափույթ ավարտին հասցնելու կոչով երեք երկրների արտաքին գործերի նախարարները դիմել էին այս տարվա փետրվարին` Գյանջայում կայացած եռակողմ հանդիպումից հետո ընդունված հատուկ հռչակագրում:

XS
SM
MD
LG