Մատչելիության հղումներ

Եռյակը շուտով կասի՝ «ինչպես և երբ է իշխանափոխություն անելու»


Եռյակը շուտով կասի՝ ինչպես և երբ է իշխանափոխություն անելու, մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հանրահավաքում «Հայ ազգային կոնգրեսի», «Բարգավաճ Հայաստանի» և «Ժառանգության» անունից այսօր վստահեցրեց Լևոն Զուրաբյանը։

«Համաժողովրդական շարժումը առաջիկայում կներկայացնի համատեղ գործողությունների ծրագիրը, ներառյալ հանրային, զանգվածային միջոցառումների ցանկը, որոնց նպատակը կլինի Հայաստանում ամբողջական իշխանափոխության իրականացումը և արտահերթ ազատ ու արդար ընտրություններով ժողովրդի իշխանության ձևավորումը»,- հայտարարեց Զուրաբյանը։

Ելույթից հետո Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավարը հստակեցրեց՝ այս հավաքով քաղաքական տարին չեն ամփոփում, մինչև նոր տարի հանրահավաքը բացառված չէ։

«Որ չենք երկարացնելու, չենք սպասեցնելու, արդեն ասացինք, բայց չենք կարող կոնկրետ օր նշել»,- ասաց Զուրաբյանը։

Շուրջ մեկ ու կես ամսվա դադարից հետո Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը այս հանրահավաքին չմասնակցեցին։ «Բարգավաճ Հայաստան»-ում չեն մեկնաբանում պատճառները։ Կոնգրեսից էլ հիշեցրեցին՝ առաջին նախագահը վերջին տարիներին, որպես կանոն, չի միացել ամենամյա այս միջոցառմանը:

Եռյակի լիդերներից միայն Րաֆֆի Հովհաննիսյանն էր Ազատության հրապարակ վերադարձել։ «Ժառանգության» առաջնորդը, սակայն, ամբիոն չբարձրացավ, ասաց՝ դեռ սպասում է՝ երբ Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը կարձագանքեն միասնական օրակարգի իր կոչին՝ թող հրապարակում հնչեցնեն այն, ինչ ասել են մասնավոր զրույցներում։

«Մարդիկ պիտի ունենան այդ տղամարդկությունը, շիտակությունը ասելու, որ մենք ասել ենք։ Բոլորը ասել են, բայց ասել են ոչ թե Սերժի դեմ, կամ Ռոբերտի դեմ, այլ ասել են՝ Հայաստանի համար։ Դե հիմա «Հայաստանի համարի» պայքարն է»,- ասաց Հովհաննիսյանը։

«Բարգավաճ Հայաստանի»խոսնակից հետաքրքրվեցինք, եթե իշխանափոխության են գնում, ինչո՞ւ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրթերից Սերժ Սարգսյանի պաշտոնանկության պահանջ չի հնչում։

«Ձեր հարցադրումը իրականությանը այնքան էլ չի համապատասխանում»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը.- «Հիշեցնում եմ վերջին համապետական հանրահավաքի ժամանակ պարոն Ծառուկյանի հնչեցրած «ամբողջական իշխանափոխություն» արտահայտությունը, և դրանով ամեն ինչ ասված է»։

«Դա նաև ենթադրո՞ւմ է Սերժ Սարգսյանի պաշտոնականություն»,- «Ազատության» այդ հարցին Ուրիխանյանը պատասխանեց.- «Եզրակացությունները ձեզ ու հանրությանը, ինչ խոսք»։

ԲՀԿ-ի խոսնակն ասում է՝ հիմա կազմակերպչական փուլն է, գնում են արտահերթ ընտրությունների, «օր առաջ երկիրը խայտառակ վիճակի հասցրածներից ազատվելուն»։

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը անցած ամիս դեմ առ դեմ հանդիպել է Ծառուկյանին, փոխանցեց տպավորությունը՝ ԲՀԿ-ի առաջնորդը իշխանափոխություն է ուզում։

«Ինչպես Ծառուկյանը, այնպես էլ Լևոն Տեր-Պետրոսյանը զարգացնում են պրոցեսը և սպասում են հարմար պահի։ Դա հեռավոր ապագայում չէ, որ պիտի լինի։ Մենք գնալու ենք արտահերթի»,- ասաց Սարգսյանը։

Օրվա թեման հանրահավաքի առանցքում էր, եռյակը համատեղ հայտարարությամբ արձանագրում է՝ մարդու իրավունքների ոտնահարումները կոպիտ են ու լայնածավալ: Թափ են հավաքում ոստիկանական բռնությունները, տուգանքներն ունեզրկում են մարդկանց, գյուղացիները ճկռում՝ վաշխառուական բեռի տակ: Որպես քաղբանտարկյալներ մեկ առ մեկ հնչեցին ազատազրկված Շանթ Հարությունյանի և ընկերների անունները: Եռյակը հիշեցրեց՝ իշխանությունները մերժեցին Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու իրենց առաջարկները։

«Ռեժիմը, ի դեմս Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության մերժում է Հայաստանի ժողովրդին սեփական իշխանություն ընտրելու իրավունքը»,- ասաց Զուրաբյանը։

2008-ին բարիկադների հակառակ կողմում կանգնած ԲՀԿ-ն այսօր միացել էր մարտի 1-ի սպանությունները բացահայտելու կոչին: Նախկին զինդադատախազ Գագիկ Ջհանգիրյանը գնահատեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի վերջին հանդիպումները զոհերի հարազատների հետ։

«[Ակնկալում եմ, որ] կոնկրետ բացահայտումների կանի սպանություններով, ծանր մարմնական վնասվածքներով, այ ուզում եմ սպասել և այդպիսի ակնկալիքներ ունենալ, ոչ թե ուղղակի հանդիպումներ»,- ասաց Ջհանգիրյանը։

XS
SM
MD
LG