Մատչելիության հղումներ

Նախաձեռնությունը փորձում է աշխուժացնել սահմանամերձ համայնքների մշակութային կյանքը


«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը նոյեմբերին սահմանամերձ Մովսես և Այգեպար գյուղերին անակնկալ է մատուցել, երեխաները հնարավորություն են ունեցել դիտել Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի «Անխելք մարդը» ներկայացումը։

Այսօր հրավիրած ասուլիսին նախաձեռնության անդամները պատմում էին, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը անմիջապես է արձագանքել իրենց առաջարկությանը՝ միանալ իրենց նախաձեռնությանը՝ «Թատրոնը ևս սահման պահելու միջոց է» խորագրով ծրագրին և ներկայացումներով հանդես գալ սահմանամերձ գյուղերում, որտեղ այնքան կարիք կա մշակութային ձեռնարկների։

«Մենք կենտրոնացնում ենք ամբողջ մշակութային կյանքը Երևանում, որը երբեմն կրում է PR ակցիաների բնույթ, քան զուտ մշակութային կյանք»,- այսօր ասուլիսում ասաց Ռուբեն Բաբայանը.- «Երկրի յուրաքանչյուր անձնավորություն, անհատ պետք է բոլոր հնարավորությունները ունենա և շփվել այդ մշակույթի հետ, և ստեղծագործել, և ունենալ այն ամենը, ինչ ունի Երևանի բնակիչը»։

«Աջակցենք» սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը ստեղծվել է այս տարի հուլիս-օգոստոս ամիսներին՝ սահմանամերձ բնակավայրերում իրավիճակի խիստ լարվածությունից հետո։ Նախաձեռնության անդամ մի խումբ երիտասարդներն նպատակն է օգնել սահմանամերձ գոտում ապրող մարդկանց ոչ միայն նյութական օժանդակությամբ, այլ նաև նրանց համար հնարավորություններ ստեղծել` մշակութային ձեռնարկների իրականացնելու։

Նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ իրենց աշխատանքի արդյունքում հասկացել են, որ առանց պետական աջակցության, առանց պետական ծրագրի, իրենք իրենց ուժերով շատ բանի չեն կարող հասնել։ Այդ պատճառով նախաձեռնությունը նամակ է հղել մշակույթի նախարարին՝ խնդրելով աջակցել իրենց ծրագրերին։

Նախաձեռնության մեկ այլ անդամ, ծրագրավոր Տիգրան Մարտիրոսյանն էլ ասաց, որ իրենք նախարարին առաջարկել են, որ սահմանամերձ բնակավայրերում մշակութային միջոցառումները, մասնավորապես, թատերական ներկայացումները համակարգված բնույթ կրեն և իրականացվեն պետական հովանավորչությամբ։

Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ այս ծրագիրը նախ և առաջ կարևոր է հայրենիքի պաշտպանության համար.- «Որովհետև նրանք առաջին հերթին մարդիկ են, որոնք ապրում են սահմանում, և մեր պարտավորությունն է այդ մարդկանց կյանքը դարձնել լիակատար բոլոր առումներով»։

Նախաձեռնության անդամներն ու Ռուբեն Բաբայանը հույս ունեն, որ մշակույթի նախարարությունը անարձագանք չի թողնի իրենց առաջարկը։

«Անկախ պատասխանից, մեր թատրոնը պատրաստ է աջակցել ամեն ինչով»,- շեշտեց Տիկնիկային թատրոնի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG