Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ․ Իսմայիլովայի կալանավորումը ժողովրդավարության ազատության դեմ քայլ է


Խադիջա Իսմայիլովա, արխիվ

Խադիջա Իսմայիլովա, արխիվ

Եվրամիությունը շեշտել է, որ հետևելու է Խադիջա Իսմայիլովայի գործի ընթացքին:

Ինքնասպանության հասցնելու մեղադրանքով լրագրող Խադիջա Իսմայիլովայի կալանավորումն արտահայտվելու և ժողովրդավարության ազատության դեմ քայլ է: Այս մասին ասվում է Եվրամիության պաշտոնական կայքում այսօր հրապարակված հայտարարության մեջ:

«Ադրբեջանը պետք է կատարի ԵԱՀԿ­-ի և Եվրոպայի Խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները, ապահովի մամուլի ազատությունը, - հիշեցրել է ԵՄ-ը և շեշտել, որ հետևելու է Խադիջա Իսմայիլովայի գործի ընթացքին:

Դեկտեմբերի 5-ից կալանքի տակ գտնվող Խադիջա Իսմայիլովային ազատ արձակելու կոչերով հանդես են եկել տասնյակ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական գործիչներ: Պաշտոնական Բաքուն ի պատասխան Արևմուտքին հորդորում է չխառնվել Ադրբեջանի ներքին խնդիրներին և զբաղվել սեփական քաղաքացիների իրավունքներով:

Մինչ ադրբեջանցի պաշտոնյաները իշխանամետ լրատվամիջոցներին հավաստիացնում են, որ Ադրբեջանը բացառիկ ժողովրդավարական երկիր է, Արևմուտքի գործընկերն ու արևմտյան արժեհամակարգի կրողը, չորս ամիս շարունակ ճաղերի հետևում գտնվող իրավապաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակն օրեցօր վատանում է:

Արևմուտքի հորդորներն արդյունք չտվեցին: Յունուսը, ով մեղադրվում է տասնյակ հանցանքներում, այդ թվում՝ հայրենիքի դավաճանության և լրտեսության մեջ, հազիվհազ է քայլում և դժվարությամբ է կարողանում շնչել:

Հայտնի իրավապաշտպանի հետ նախնական կալանքի վայրում տեսակցելուց հետո փաստաբան Ռամիզ Մամադովը «Ազատությանը» պատմել է, որ Յունուսը «50 մետրանոց միջանցքը հազիվ կես ժամում է կարողացել անցնել»:

Փաստաբանի պնդմամբ, Յունուսի մոտ ախտորոշվել է հեպատիտ C, սակայն կալանավայրում նրան դեղորայք չի նշանակվում, իսկ դրսից դեղեր բերելը արհեստականորեն բարդացվում է:

«Նրան ասել են, որ արյան ճնշումը և շաքարի մակարդակը նորմալ է, մինչդեռ իրականում դրանք շատ բարձր են», - ասել է Մամադովը:

Այսօր ի դեպ հերթական ադրբեջանցի իրավապաշտպանն է հրավիրվել դատախազության ծանր հանցագործությունների քննչական կոմիտե ՝ հարցաքննվելու: Անագի Հաջիբեյլին այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ ենթադրելով, որ իրեն կհարցաքննեն Ինտիգամ Ալիևի գործի շրջանակներում: Իսկ մեկ այլ իրավապաշտպան՝ Խալիդ Բագիրովը հայտարարել է, որ իրեն զրկել են փաստաբանական գործունեությունից: Իրավաբանը «Թուրան» գործակալության հետ զրույցում պատմել է, որ այդ որոշման պատճառը դատարանում իր հնչեցրած ելույթն է:

«ՌԵԱԼ» քաղաքացիական շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի գործով ելույթի ժամանակ ես ասել եմ, որ եթե Ադրբեջանում արդարություն լիներ, դատարանը նման որոշում չէր կայացնի և Ռաշիդ Հուսեյնովն էլ դատավոր չէր աշխատի», - ասել է իրավապաշտպանը:

XS
SM
MD
LG