Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան․ Դա ադրբեջանական կողմի սադրանք է


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր խուսափեց մանրամասներ հաղորդել երկու օր առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Նախարարը, այդուհանդերձ, պնդեց, որ դա ադրբեջանական կողմի սադրանք է, և որ հայկական կողմը ոչ միայն պաշտպանական, այլև կանխարգելիչ գործողություններ է իրականացրել, որոնք «շատ դեպքերում իրականացվում են մեր տարածքից դուրս»․ - «Պատճառը պետք է փնտրել հենց այդ սադրանքների մեջ, և մեղքի մեծ բաժինը պետք է հակառակորդը նաև վերցնի իր վրա»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրված միջադեպի ժամանակ հակառակորդի կրակոցից զոհվել էր ժամկետային զինծառայող Գարիկ Իսպիրյանը, որը Ղարաբաղի նախագահի կողմից հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով։

Միջադեպի կապակցությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե հայկական դիվերսիոն խմբերը փորձել են անցնել սահմանագիծը: Հայկական կողմը հերքել էր՝ առանց հավելյալ մանրամասների։

Նախարար Օհանյանը ևս այսօր չբացեց փակագծերը․ - «Ցավոք, դրանք նաև գաղտնիություն են իրենց մեջ պարունակում, դրա համար բավարարվենք այնքանով, որքանով որ ես ասացի»:

Գնահատելով անցնող տարին, որի ընթացքում արձանագրվեցին մի շարք դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձեր, ինչպես նաև հրադադարի ընթացքում առաջին անգամ խոցվեց հայկական ռազմական ուղղաթիռ՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց․ - «Նախկինում եթե Պաշտպանության բանակի հատվածում, ասենք, մինիմում լինում էին 35-50 դրվագներ կրակոցների և օգտագործում էին այդտեղ մինչև հազար փամփուշտ, այսօր այդ կրակոցների թիվը հասնում է 170, 200, և փամփուշտների թիվը 3 հազարից մինչև 6 հազարի է հասնում»:

Նախարարը հստակեցրեց, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը պատասխանում են միայն դիպուկահարների ու կանոնավոր կրակոցներին: Պաշտպանության նախարարը նաև տեղեկացրեց, որ մոտ մեկ ամիս առաջ հակառակորդի խոցած ռազմական ուղղաթիռի գործով ծառայողական քննությունն ընթացքի մեջ է, այլ մանրամասներ չհաղորդեց։

Ինչ վերաբերում է ազատամարտիկներին ծեծի ենթարկելու վերաբերյալ լուրերին՝ նախարար Օհանյանն ասաց, որ կոնկրետ դեպքի մասին տեղեկություն չունի, բայց դատապարտում է ոտնձգությունները ազատամարտիկների նկատմամբ։

«Գտնում եմ, որ իրականում առաջին հերթին ազատամարտիկներն իրենք պետք է անձնական օրինակ հանդիսանան մեր հասարակության մեջ: Եվ եթե լինում են նաև ոտնձգություններ ազատամարտիկների նկատմամբ, ես դա վատ եմ գնահատում: Մենք մեր հնարավորությունների սահմաններում կփորձենք պարզել դա», - նշեց Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, համաձայն շրջանառվող լուրերի, դեկտեմբերի 8-ին մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին ու Ռազմիկ Պետրոսյանին: Իսկ այսօր առավոտյան լուրեր տարածվեցին, որ դիմակավորված անձինք ծեծել են ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին։ Երեք ազատամարտիկներն էլ վերջին շրջանում աչքի են ընկնում ընդդիմադիր կեցվածքով։

XS
SM
MD
LG