Մատչելիության հղումներ

logo-print

Փաշիկ Ալավերդյանը պատրաստվում է գլխավորել ծանրամարտի Հայաստանի հավաքականը


Փաշիկ Ալավերդյան, լուսանկարը՝ «Ա1+»-ի

Փաշիկ Ալավերդյան, լուսանկարը՝ «Ա1+»-ի

Նոր գլխավոր մարզչի հաստատումը կախված է 2016-ի Օլիմպիական խաղերին թիմի նախապատրաստման՝ նրա ներկայացնելիք ծրագրից:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Պողոս Պողոսյանին ազատել է մարզաձևի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ «Ազատության» հետ զրույցում Ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտնեց, որ ֆեդերացիայի մարզչական կոմիտեի նիստերի արդյունքում որոշվել է նաև այդ պաշտոնում նշանակել Փաշիկ Ալավերդյանին։

«Որոշումը վերջնական չէ։ Դեկտեմբերի 22-ին Ալավերդյանը պետք է Ռիոյի օլիմպիական խաղերի պատրաստության ծրագիր ներկայացնի», - ասաց Ռոստոմյանը:

Ընտրության չափանիշների հետ կապված՝ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն ավելացրեց, որ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը 6-7 տարի է ինչ հավաքականում գործում է իբրև երկրորդ մարզիչ։ «Ծանրամարտի ֆեդերացիան, ինչպես յուրաքանչյուր այլ ֆեդերացիա, ինքն է ընտրում գլխավոր մարզչին, իսկ ՀԱՕԿ-ը տալիս է համաձայնությունը», - ասաց Ռոստոմյանը։

«Ազատության» հետ զրույցում Փաշիկ Ալավերդյանը նշեց. - «Պողոս Պողոսյանին ազատել են պաշտոնից, քանի որ նրա արդյունքները մարզչական խորհուրդը և մարզչական ակտիվը համարել է բացասական, իսկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ իր հավանությունն է տվել իմ նշանակման հարցում։ Դեռևս որոշումը վերջնական չէ՝ կախված է իմ ներկայացրած ծրագրից»։ Նա հավելեց, որ ծրագիրը ներառելու է իր առաջարկները մարզիկների պատրաստության հարցում և ակնկալվող արդյունքները։

2010 թվականի հուլիսին գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնած Պողոս Պողոսյանի աշխատանքից դժգոհություններ կային վաղուց։ Վերջին՝ 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերում, հիշեցնենք, հայ ծանրորդները ձախողվեցին․ Հայաստանի երեք առաջատար ծանրորդներ Առաքել Միրզոյանը, Մելինե Դալուզյանը և Արա Խաչատրյանը 0 ստացան, Նորայր Վարդանյանը մրցանակային տեղ չգրավեց, և միայն Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց բրոնզե մեդալ։

Ալավերդյանը չգիտի՝ ինչու ավելի շուտ չէր կայացվել Պողոսյանի ազատման որոշումը, սակայն ելնելով Ալմաթիում կայացած աշխարհի վերջին առաջնության արդյունքներից՝ ծանրամարտի ֆեդերացիան որոշել է նիստեր անցկացնել նոյեմբերին և դեկտեմբերին, ինչի արդյունքում էլ որոշվել է փոխարինել մարզչին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG