Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյանը եռյակի հանրահավաքներում վտանգ չի տեսնում


Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ասաց, թե եռյակի հանրահավաքներում վտանգ չի տեսնում, մինչև 2018 թվականը իշխանափոխություն չի կանխատեսում, քանի որ ոստիկանությունն ունի «ծպտյալ ծառայություններ», որոնց օգնությամբ գիտի, թե Հայաստանում ով ինչ է մտածում:

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Գասպարյանն այսպես արձագանքեց հարցին, թե ինչու ԲՀԿ հանրահավաքներին ոստիկաններ չկան․ վստա՞հ է, որ հեղափոխություն չի լինի․ - ««Շատ վստահ եմ: Իհարկե վստահ եմ․․․ որովհետև ես կարծում եմ, որ բոլորն էլ խելամիտ մարդիկ են և հասկանում են, որ ամեն տեսակ խժդժումներ և հեղափոխություններ այն ոգով, որ ես ինչ-որ տեղ զգում եմ, ոչ մի լավ բանի չի բերի»:

Ճշգրտող հարցին՝ վստահ է, քանի որ հանրահավաքները եռյա՞կն է կազմակերպում, ոստիկանապետն արձագանքեց․ - «Ես, ըստ մասնագիտության, մարդ եմ, որը տիրապետում է շատ ինֆորմացիայի: Ես ավելորդ տեղը ոստիկանական ուժերը չեմ վատնում, որովհետև բացի ոստիկանական արտաքին ծառայությունից կան և ոստիկանական քողարկված, ծպտյալ ծառայություններ: Ես գիտեմ ով ինչ է մտածում, ինչ է շնչում»:

Հարցին, թե ըստ իր ունեցած տեղեկատվության ու իշխանափոխության մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների, երբ է լինելու իշխանափոխությունը, Գասպարյանը պատասխանեց․ - «Քաղաքականության մեջ մենք չենք խառնվում: Ի՞նչ իշխանափոխություն․․․ Իշխանափոխությունը կլինի 2018 թվին: Ընտրություններ են, կարող է ինչ-որ բան փոխվի»:

Ընդդիմադիր գործիչների այրված մենքենաների գործով մոտ երկու շաբաթ շարունակվող քննությունից հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «շատ տարօրինակ» համարեց, որ դրանք այրվել են այն վայրերում, որտեղ տեսախցիկներ չկան:

Տուժողները՝ հիմնականում Նախախորհրդարանի անդամներ, պնդում են՝ եթե մեղավորները չբացահայտվեն, կհաստատվի, որ այս ամենի հետևում կանգնած է նաև ոստիկանությունը:

«Գլուխները պատին են տալիս նման հայտարարություններ անողները: Բառիս բուն իմաստով եմ ասում», - լրագրողներին այսօր ասաց Գասպարյանը՝ հավելելով․ - «Քննություն է գնում, թող քննությունը գնահատականը տա: Ուղղակի մի քանի ուղղություններ․ շատ տարօրինակ է, որ այդ մեքենաները բոլորը վառվել են այնտեղ, որտեղ տեսախցիկներ չկան, այնտեղ կան խնդիրներ «Կասկո» արած մեքենաների․․․ Տեսախցիկ կա մի տեղ, որը ոչինչ չի ֆիքսում: Շատ տարօրինակ գործ է, մենք քննում ենք դա, և հաստատ դա կբացահայտվի»:

Գասպարյանը հաստատեց, որ նախօրեին իր տեղակալը՝ Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, երևանյան պանդոկներից մեկում հանդիպում է ունեցել ոչ իշխանական եռյակին հարած ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի ու Ռազմիկ Պետրոսյանի հետ: Այդ հանդիպումից հետո էլ ազատամարտիկները ծեծի են ենթարկվել:

Եղիազարյանը «Հայկական ժամանակ»-ին ասել է, որ ոստիկանապետի տեղակալը հորդորել է իրենց չխառնվել քաղաքականությանը:

«Նրանք հրամանատարներ են, իրար հետ նստել են, իրար հետ գինարբուք են արել», - այսօր ասաց Վլադիմիր Գասպարյանը: - «Իրար հետ քեֆ են արել: Հետո ի՞նչը իրար հետ չեն կիսել ու ինչո՞ւ են թերթերով հիմա խոսում՝ իմ համար զարմանալի է»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ազատամարտիկներն ասել են, թե իրենց վրա հարձակվել են քաղաքական նկատառումներով, ու հարցին, թե տեղյակ է արդյոք ինչ է եղել, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց․ - «Իմ համար շատ զարմանալի է, որ նույնիսկ ազատամարտիկները, պատերազմ անցած մարդիկ, դադարել են իրար մեջ խոսել և թերթերով են խոսում, լրատվամիջոցներով են խոսում: Դա գարշանք է ներշրչում․․․ Եթե հայտարարություն չկա, ես չեմ ընդունում: Ես լրատվամիջոցներից գիտեմ, որ նստել են, իրար հետ հաց են կերել․․․ հետո թող հիվանդ գլխից առողջներին չանեն: Թասիբ ու նամուս ունեք, թերթերում իրար մի լափեք, եկեք հայտարարություն տվեք»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նոյեմբերի վերջին ահազանգել էր, թե Վանաձորի ոստիկանությունում երիտասարդ կնոջը հարցաքննելիս նվաստացրել են, հոգեբանական ճնշումների և բռնության են ենթարկել, ինչից հետո օրեր անց նա ինքնասպանության փորձ է կատարել։

«ՀՔԾ-ն է դա քննում», - այդ առնչությամբ ասաց Գասպարյանը: - «Ներքին քննությունը․ ինձ զեկուցվել է, և ես հայտարարում եմ, որ չի համապատասխանում ճշմարտությանը: Թող քննությունը տա իր գնահատականը»:

XS
SM
MD
LG