Մատչելիության հղումներ

logo-print

Ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը


Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը ելույթ է ունենում Երևանի Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքում, արխիվ

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը ելույթ է ունենում Երևանի Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքում, արխիվ

Այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում չորս դիմակավորված անձինք հարձակվել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սուրեն Սարգսյանի վրա և ծեծի ենթարկել։ Սարգսյանն այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Կենտրոնից «Ազատությանը» փոխանցեցին, որ ազատամարտիկը ստացել է գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն է, առողջությանը վտանգ չի սպառնում։

«Ազատության» հետ զրույցում Սուրեն Սարգսյանն իր հետ պատահածը ազատամարտիկներին լռեցնելու փորձ որակեց՝ ընդգծելով, որ չեն վախենում ու հանձնվել ևս չեն պատրաստվում։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան լրատվամիջոցները գրեցին Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ՝ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին և «Արաբո»ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին ծեծի ենթարկելու մասին:

Այսօր առավոտյան «Ազատամարտիկների դաշինք»-ը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ տեղի ունեցածն ուղղված է դաշինքի գործունեության դեմ և հերթական անգամ նպատակ ունի ահաբեկման միջոցով լռեցնել ապօրինությունների դեմ ձայն բարձրացնող ազատամարտիկներին:

«Նմանատիպ յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման և կոչ ենք անում մարտական ընկերներին վաղը՝ դեկտեմբերի 10-ին ժամը 12-ին հավաքվել Առնո Բաբաջանյանի արձանին հարակից տարածքում՝ հետագա անելիքները համատեղ որոշելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում։

Լիլիթ Հարությունյան

Տվյալ թեմայով մանրամասները՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG