Մատչելիության հղումներ

Արզումանյան․ «Ամոթ է 21-րդ դարում ունենալ քաղբանտարկյալ»


Քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևի կատարմանը նվիրված ԱԺ լսումներին չորս-հինգ պատգամավոր և մեկ պաշտոնյա էին մասնակցում:

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքոմ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, թե ամոթ է 21-րդ դարում քաղբանտարկյալներ ունենալ:

Արզումանյանի կարծիքով՝ նորանկախ Հայաստանի երեք նախագահների օրոք էլ եղել են քաղաքական բանտարկյալներ․ - «Երբ ասում ենք՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ասվում է՝ բայց Ադրբեջանում․․․ Եթե կա նաև ցեղախումբ, որը մարդ է ուտում, դա չի նշանակում, որ մենք պետք է մարդ ուտենք և ասենք՝ մենք ընդամենը տարեկան մե՛կ հոգու ենք ուտում»:

Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») կարծում է, որ քաղաքական բանտարկյալների առյակությունը Հայաստանում պատճառներ ունի․ - «Նախկին քաղբանտարկյալների գործերին պատշաճ գնահատական չենք տալիս, դրա համար էլ այսօր մենք ունենք նորից քաղաքական հայացքների համար հետանդվող անձինք»:

Այսօրվա լսումները որոշել էին բոյկոտել Դատախազության ներկայացուցիչները: Զեկույց չներկայացրեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պաշտոնյան․ քննարկումն ավարտվեց մինչև նրա ժամանելը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևով «քաղաքական բանտարկյալի» սահմանման և այդ բանաձևի կատարման հարցը հետաքրքրել էր միայն չորս-հինգ պատգամավորի: Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Էլինար Վարդանյանը կասկածեց՝ թերևս բանաձևի անունն է շատերին հետ պահել այսօրվա քննարկմանը մասնակցելուց:

Թեև սակավաթիվ պաշտոնյաների ու հրավիրյալների մասնակցությամբ՝ քննարկումը, այնուամենայնիվ, կայացավ: Բայց ելույթներ գրեթե չեղան:

Վեց տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը եզրակացրեց․ - «Քանի որ խուսափում էին մասնակցել, ևս մեկ անգամ համոզում է այն, որ, նախ, տղաները քաղբանտարկյալ են՝ Շանթը, իր ընկերները, միանշանակ»:

Քննարկմանը ներկա միակ պետական պաշտոնյան՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը դժվարացավ ասել՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, ինչպես պնդում են տարբեր իրավապաշտպաններ ու ընդդիմադիր գործիչներ, թե՞ ոչ․ - «Նման դիրքորոշում արտահայտելու համար պետք է լինեին որոշակի իրավական հիմքեր կամ պաշտոնական գնահատականներ»:

«Քաղաքական բանտարկյալ» սահմանման համար ԵԽԽՎ-ն առանձնացել է մի քանի չափորոշիչներ․ քաղաքական բանտարկյալներ են զուտ քաղաքական դրդապատճառներով որևէ մեղադրանքի հետ կապ չունեցող իրավախախտմանը անհամաչափ կամ իշխանությունների քաղաքական նպատակներով պայմանավորված կալավորները: Անձինք, որոնց ազատությունը սահմանափակվել է խղճի, մտքի և դավանանքի ազատության, տեղեկատվության հավաքների ազատության խախտմամբ: Եվրոպայի խորհուրդը նաև դիմել է անդամ բոլոր պետություններին՝ վերագնահատելու ենթադրյալ քաղաքական բանտարկյալների գործերը, վերանայելու կամ նրանց ազատ արձակելու համար:

«Բանաձևը կոնվենցիա չէ․ անդամ պետությունները ի գիտություն են ընդունում այն», - ասաց Արդարադատության փոխնախարարը: - «Պետությունները պետք է նկատի ունենան ընդհանրապես իրենց քաղաքականությունը մշակելիս»:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց, թե պետական մարմինը չի կարող ընդունել, որ երկրում քաղբանտարկյալ է պահում, իսկ պարտադրանքի մեխանիզմ չկա:

«Մարտի 1-ի գործով մեզ սպասվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների տարափ», - հայտարարեց նա՝ առաջարկելով․ - «Այդ մարդկանց դատել են կոնկրետ մարդիկ և կոնկրետ դատախազներ են գործը հարուցել: Ես կողմնակից կլինեի, որ պատասխանատվության ենթարկվեն այդ մարդիկ: Նաև առաջարկներ կան, որ այդ մարդկանց ունեցվածքից տրվի փոխհատուցումը, որ դատավորը վճիռ կայացնելու առաջ երկու անգամ մտածի»:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ 52 դատական ակտ է կայացրել, ու դրանց մեկ երրորդն առնչվել է քաղաքական հետապնդմանը: Իսկ իրականացնողները, ըստ Զեյնալյանի, ազատության մեջ են, ավելին՝ պաշտոնավարում են:

Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը (ԲՀԿ) ասաց՝ հանձնաժողովը կոչ կանի հետևել բանաձևին:

Արտակ Զեյնալյանն առաջարկեց․ - «Եկեք գնահատական տանք: Արդարադատության նախարարն էլ ասել է, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո կային քաղաքական բանտարկյալներ: Եկեք նրանց որակենք որպես քաղաքական բանտարկյալ Ազգային ժողովի կոչում: Կարող ենք մի քիչ հետ գնալ: Դա մաքրենք, մոտենանք ներկային»:

XS
SM
MD
LG