Մատչելիության հղումներ

ԿԲ-ի նախագահը պնդում է, թե արժութային շուկան դուրս է եկել շոկից


Վերջին մեկ ամսվա ընթացքում դրամի ավելի քան տասը տոկոս արժեզրկումից հետո այսօր Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հավաստիացրեց՝ Հայաստանի արժութային շուկան դուրս է եկել շոկից, և առաջիկայում դրամի փոխարժեքի տատանումները «չնչին են լինելու»:

«Ցանկացած պահի փոխարժեք արտացոլում է այդ պահի իրավիճակը: Հնարավոր են․․․ այստեղ տատանումներ լինելու են չնչին, մեր կարծիքով: Այդ տատանումների ներքո կերևա: Բայց հնարավոր է և շուկայական գինը որոշվի այլ ինչ-որ հարթակում: Հնարավոր է դա լինի մի քիչ ավելի բարձր կամ մի քիչ ավելի ցածր», - ասաց ԿԲ-ի նախագահը:

Արթուր Ջավադյանը նշեց, որ իրավիճակը կայունացնելու համար մինչև դեկտեմբերի վերջը ամեն օր Կենտրոնական բանկը սակարկությունների միջոցով բանկերին վաճառելու է արտարժույթ: Այս շաբաթվա ընթացքում օրական վաճառելու է վեց միլիոն դոլար: Բայց աստիճանաբար նվազեցնելով՝ հաջորդ տարվանից ԿԲ-ն այս եղանակով բանկերին այլևս արտարժույթ չի վաճառելու․ - «Եվ մենք սպասում ենք, որ փոխարժեքի մեծ տատանողականությունը արագ կվերանա, քանի որ փոխարժեքը այս գործողությունների արդյունքում կհավասարակշռվի»:

Խոսելով դրամի արժեզրկման պատճառների մասին՝ Ջավադյանը նախ նշեց ԱՄՆ տնտեսությունում նկատվող աճը, ինչի արդյունքում զարգացող երկրներից կապիտալը հոսեց դեպի ամերիկյան տնտեսություն, փոխարենը բազմաթիվ երկրներում գրանցվեց ազգային արժույթի անկում:

Հաջորդ պատճառը Ռուսաստանի տնտեսական աճի ու ռուբլու կտրուկ անկումն էր, և նոյեմբերի վերջին Ռուսաստանում առաջացած խուճապը փոխանցվեց Հայաստան․ - «Ռուսաստանի խոշորագույն բանկերը, օրինակ, Սբերբանկը սկսեց սահմանափակումներ մտցնել արտարժույթի ոչ միայն վաճառքի մասով, իրենց հաճախորդներին նույնիսկ դեպոզիտներից ստանալու մասով: Ասենք՝ Ռայֆհայզենբանկը, Սիթիբանկը ընդհանրապես վերացրեցին արտաժույթի վաճառքն ու արտարժույթի տրամադրումը: Այս ամեն ինչը բերեց նրան, որ․․․ ամեն ինչը տեղափոխվեց նաև Հայաստան, Վրաստան և այլ շուկաներ»:

Կենտրոնական բանկի նախագահը հավելեց՝ խուճապից բացի, դրամի արժեզրկմանը նպաստել են նաև սպեկուլյացիոն գործողությունները․ - «Մենք վարույթները սկսել ենք, ուղարկել ենք համապատասխան սուբյեկտների: Ես դրա մասին արդեն տեղեկացրել եմ առևտրային բանկերին և ասել եմ ինչ տիպի խախտումներ ենք մենք գտել: Մենք այդ վարույթներով բոլորին տեղեկացրել ենք: Մի շաբաթ ժամանակ պետք է տրվի, որ այդ մարդիկ պատասխանեն ու բացատրություն տան: Այդ բացատրությունը տալուց հետո էլ մենք հրավիրում ենք այդ անձին մեր մոտ, որ իրեն հնարավորություն տանք պաշտպանվելու: Լսում ենք ու այդ որոշումը ընդունում ենք: Մի բան իմացեք՝ շատ խիստ ու կոպիտ, նույնիսկ ձեր համար անսպասելի որոշումներ են լինելու»:

Նա հավելեց․ - «Փոխանակման կետերին դեռ չեմ հավաքել, բայց դրա մասին բազմիցս ասել ենք նրանց էլ: Նրանց տուգանքներ էլ քիչ չեն: Փոխանակման կետերի տուգանքները հասնում են 4 միլիոնի: Չորս միլիոն մեկ փոխանակման կետին: Ես գոնե արդեն մի 7-8 այդպիսի չափի տուգանքի վարույթի մասին գիտեմ, որ ուղարկել ենք փոխանակման կետերին»:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը որպես դրամի արժեզրկման առաջին երկու պատճառ նշում է արտաքին գործոնները:

«Սա նշանակում է, որ մեր իշխանությունները հայտարարում են՝ դրամի արժեզրկման պատճառները մեր վերահսկողությունից դուրս են, ու պետք չէ բացառել, որ նման կտրուկ տատանումները կկրկվեն», - ասաց Խաչատրյանը: - «Այդ պատճառաբանությունը եթե հնչել է Կենտրոնական բանկի կողմից, դա նշանակում է, որ եկող տարի մենք ավելի վատ վիճակում ենք հայտնվելու, որովհետև լավագույն կանխատեսումները, որ կան Ռուսաստանի հետ կապված, դա զրոյական աճն է: Իսկ վատ կանխատեսումները՝ մինուս 4 տոկոս 2015 թվականին, մինուս 2 տոկոս 2016-ին»:

XS
SM
MD
LG