Մատչելիության հղումներ

Ուկրաինական կառավարական զորքերը և ռուս անջատականները «լռության օր» են հայտարարել


Ուկրաինական կառավարական զորքերը և ռուս անջատականներն այսօր վաղ առավոտից հրադադարի՝ «լռության օր» են հայտարարել:

«Ասոշիեյթեդ Փրեսը» փոխանցում է, որ ընդհանուր առմամբ պահպանվում է հրադադարը: Օրվա երկրորդ կեսին հաստատվեցին հրադադարի խախտման որոշ դեպքերի վերաբերյալ լուրերը: Բայց դրանք լայնամասշտաբ չեն:

Ուկրաինայի գլխավոր շտաբի ղեկավար Նիկոլայ Մուժենկոն հայտարարել է, որ անջատականները Ուկրաինայի հարավ-արևելքում խախտել են նոյեմբերի 9-ի լռության պայմանը: Նրա խոսքով, Դեբալցևո քաղաքում զինյալները երկու անգամ կրակել են կառավարական զորքերի վրա: Այս պայմաններում, Ուկրաինայի պաշպանության նախարարության և Ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակները հայտարարել են, որ անջատականների կրակոցներին ուկրաինական կողմը չի պատասխանում:

Ուշագրավ է, որ անջատականների ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարում են, թե ի տարբերություն նախորդ օրվա, այսօր լռություն է:

Ուշագրավ է, որ երկու օրից ակնկալվում է ռուսական գազի առաքման վերականգնումն Ուկրաինա։

Գազի գնի և կուտակված պարտքերի վերաբերյալ իրարամերժ պնդումների հետևանքով Ռուսաստանից Ուկրաինա գազամատակարարումը դադարեցվել էր 6 ամիս առաջ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին խոսել է Դոնեցկի և Լուգանսկի կարգավիճակի մասին: Նա որպես պայման նշել է, թե Ուկրաինան «պետք է ընդունի Դոնեցկի և Լուգանսկի կարգավիճակը՝ Ռուսաստանի համար ընդունելի պայմաններով»:

«Մենք հույս ունենք, որ բաժանարար գծերի համաձայնությունը թույլ կտա ապահովել այսպես կոչված լռության ռեժիմը և սկսել ծանր զինատեխնիկայի դուրսբերումն այդ (բաժանարար գծի) երկու կողմից», - ասել է Լավրովը:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր Սինգապուրում ասել է, որ խաղաղությունն անհրաժեշտություն է սեպտեմբերի 5-ին Մինսկում կնքված համաձայնության շրջանակներում: Պորոշենկոն հայտարարել էր, որ այսօր բանակցություններ են նախատեսված Մինսկում, սակայն որոշ պաշտոնյաներ և ռուսամետ անջատականները նշում են բանակցությունների մեկ այլ օրվա՝ դեկտեմբերի 12-ի մասին: Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատեց նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը:

Ի դեպ, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը տեղեկացրել է, որ հակաահաբեկչական կոնվենցիայի խախտման մեղադրանքով Ուկրաինան ՄԱԿ-ի միջազգային քերական դատարան է ներկայացրել հերթական դիմումը: Նա պնդել է, որ Ռուսաստանը շարունակում է ահաբեկչությունը և ավելացրել, որ արդեն մի քանի դիմում կա միջազգային դատարանում, որոնք փաստարկում են, որ Ռուսաստանը ռազմական ագրեսիա է գործադրում Ուկրաինայի նկատմամբ:

Սեպտեմբերի 5-ին ԵԱՀԿ-ի մասնակցությամբ Մինսկում արձանագրություն էր ստորագրվել Դոնբասում հրադադար հաստատելու վերաբերյալ: Սակայն այդ համաձայնությունից հետո չէին դադարում պայթյուններն ու մարտերը:

Ապրիլից Ուկրաինայի Արևելքում պատերազմական գործողությունների հետևանքով, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 4,300 մարդ, մոտ մեկ միլիոնը տեղահանվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG