Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյան․ «Համաժողովրդական շարժումը իր ընթացքի մեջ է»


Գագիկ Ծառուկյան․ «Համաժողովրդական շարժումը իր ընթացքի մեջ է»
please wait

No media source currently available

0:00 0:03:37 0:00

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում հայտարարել է, թե եռյակի հռչակած համաժողովրդական շարժումը «իր ընթացքի մեջ է»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով Ծառուկյանի հետ խնամիական կապ ունի, օրերս կարծիք էր հայտնել, թե Ծառուկյանն իշխանափոխության չի գնա:

Հարցին, թե ինչպես է մեկնաբանում Աբրահամյանի ասածը, Ծառուկյանն այսօր արձագանքեց․ - «Ինքն այդպիսի բան չի ասել: Ես ուզում եմ, որ դուք թյուրիմացության մեջ չգցեք ոչ մեկին: Հովիկ Աբրահամյանն ասել է՝ իմ բարեկամը բարեկամն է: Բայց ես իրա տեղը հո պատասխան չե՞մ տալու: Այնպես որ, համաժողովրդական շարժումը իր ընթացքի մեջ է, և այսօր ես չեմ ուզում քաղաքականությունից խոսել․․․ Երբ որ հարկ կլինի, ես պարզ ամեն ինչը կարճ, կոնկրետ կասեմ: Ամենակարևորը ես ասել եմ՝ որ Ծառուկյան Գագիկը ինչ որ ասել է, միշտ իր խոսքի տերն է եղել, և Ծառուկյան ազգանունը չի վաճառում: Դա հատուկ, Աստծու կամոք տրված է ժողովրդին, դա սրբությամբ ես պահելու եմ, պահպանեմ»:

Գագիկ Ծառուկյանը իր գյումրեցի կուսակիցների ուղեկցությամբ ծաղկեպսակ դրեց երկրաշարժի զոհերի հուշարձանին: Թեպետ «Բարգավաճ Հայաստան»-ի անդամ, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հաճախ նշում է, որ քաղաքապետարանն ապաքաղաքական կառույց է, բայց այսօր աշխատանքային ժամին քաղաքապետարանի գրեթե ողջ աշխատակազմը ուղեկցում էր Գագիկ Ծառուկյանին:

Ծաղկեպսակ դնելուց հետո ԲՀԿ-ի ղեկավարն անդրադարձավ Գյումրիի խնդիրներին․ - «Ես եկել եմ, գլուխ եմ խոնարհում երկրաշարժից անմեղ զոհերի հիշատակին: Սա վերք է, որ ոչ մի հայ չի կարող մոռանալ․․․ Մենք պետք է կարողանանք միասնական այնպես անել, որ մեր երիտասարդ սերունդը երկրաշարժի հետևանքները չհիշի։ Իհարկե, դա կլինի այն դեպքում միայն, երբ որ, ասենք թե, աշխատատեղերը չփակվեն, այլ աշխատատեղերը բացվեն, կլինի այն դեպքում, երբ որ արտագաղթը կանգ առնի, գնացածները հետ վերադառնան, կլինի այն դեպքում, որ ոչ թե ամեն օր կրպակներ խանութներ, գործարաններ փակվեն, այլ ընդհակառակը՝ պետք է բացվեն: Իսկ այդ բոլորը հնարավոր է: Անհնարին ոչինչ չկա: Հարկավոր է ցանկանալ, կամենալ, և միասնական ազգովի այդ խնդիրը կարգավորել: Աշխարհում չլուծվող խնդիր չկա: Այնպես որ, թող ոչ մեկը իր հույսերը չկտրի, որ ամեն ինչ լավ է լինելու»:

Գյումրիի մանկավարժական ինստիտուտի 80-ամյակի կապակցությամբ Ծառուկյանը դրամական պարգևներ հանձնեց ուսանողներին ու դասախոսներին: Նաև հայտարարեց, որ, հաշվի առնելով գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, 45 մլն դրամ է հատկացնում Գյումրիի անապահով ընտանիքներին:

XS
SM
MD
LG