Մատչելիության հղումներ

Դատարանը պաշտպանեց լրագրողին


Վարչական դատարանն այսօր բավարարեց «Հետք» ինտերնետային պարբերական հայցն ընդդեմ Բնապահպանության նախարարության՝ պարտավորեցնելով տրամադրել հետաքննող լրագրողի պահանջած տեղեկությունը։

Բնապահպանության նախարարությունը հրաժարվել էր լրագրողին տրամադրել միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիների վաճառքին վերաբերող և գաղտնի չհամարվող փաստաթղթերի պատճեններ։ «Հետքի» ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանի պնդմամբ՝ և՛ Սահմանդրությունը, և՛ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը թույլ են տալիս վստահորեն ասել, որ նախարարությունը պարբերականին մերժելու իրավունք չուներ։

«Հատկապես պետական մարմինների տնօրինության տակ գտնվող ինֆորմացիան չի կարող գաղտնիք լինել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի», - ասում է նա:

Հայաստանը համարվում է տարանցիկ երկիր Կարմիր գրքում գրանցված կենդանիների առևտրի համար, և «Հետքի» լրագրողն ասում է, թե տեղեկություններ ունի այն մասին, որ Հայաստան մտնում են ոչնչացման եզրին գտնվող կենդանիների տեսակներ՝ նաև անօրինական ճանապարհով։ Իսկ ըստ միջազգային կոնվենցիայով սահմանված կարգի, երբ որևէ մեկը ցանկանում է որևէ երկրից Կարմիր գրքում գրանցված կենդանի ներմուծել Հայաստան, պետք է ունենա Բնապահպանության նախարարության թույլտվությունը։

Լրագրող Քրիստինե Աղալարյանն ասում է՝ կենդանիների վաճառքն աշխարհում ամենաշահութաբեր անօրինական բիզնեսի տեսակներից է:

«Նախարարությունը կարող էր նպաստել, որպեսզի կանխվեր կամ շուտ բացահայտվեր նմանատիպ հանցագործությունը, բայց հակառակը՝ ամեն կերպ փորձում է երկարաձգել, խոչընդոտել, որ մենք այդ տեղեկատվությունը չունենանք», - մեզ հետ զրույցում ասաց Աղալարյանը:

Այսօր դատարանում ներկա չէր նախարարության ներկայացուցիչը, բայց ըստ Գրիշա Բալասանյանի՝ Բնապահպանության նախարարությունը դատարանի դահլիճում ոչ մի հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, թե ինչո՞ւ չեն տրամադրել իրենց հայցած տեղեկությունը, ինչն էլ հիմք է տվել դատավորին որոշում կայացնել հօգուտ լրատվամիջոցի։

Նախարարությունը պնդել էր, թե այդ բիզնեսով զբաղվող ընկերությունների անունները գաղտնի են։

«Դատարանը համարեց, որ ընդհանրապես գաղտնի ինֆորմացիա չէ և պետք է առանց ծածկելու ամբողջ ինֆորմացիան տրամադրեն», - ասում է Բալասանյանը:

Դեռևս տարվա սկզբին այս թեմայով «Հետքի» հրապարակումների հիման վրա արդեն կա հարուցված քերական գործ միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիների, մասնավորապես՝ կապիկների ներկրման գործով։ Այս գործը մեծ աղմուկ էր բարձրացրել միջազգային կազմակերպություններում, ասում է Գրիշա Բալասանյանը՝ ենթադրելով, որ այլ անօրինական գործարքների բացահայտումից խուսափելու համար է նախարարությունը հրաժարվել տալ իրենց պահանջած տեղեկությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG