Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան․ «Մեզ արտահերթ լուծում է պետք»


Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ, 30-ը նոյեմբերի, 2014թ․

Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ, 30-ը նոյեմբերի, 2014թ․

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ եռյակը չի սպառվել, բայց ունի մեթոդաբանական շտկման անհրաժեշտություն:

Խորհրդարանական համագործակցությունը պիտի շարունակվի՝ չորսի, երեքի, թե հինգի համագործակցությունից դուրս գալու խնդիր չկա: Այդ մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շաբաթ Վանաձորում անցկացված հանրահավաքից հետո պատասխանելով «Ազատության» հարցերին:

«Բայց կա ժողովրդին դեմ դիմաց հրապարակելու օրակարգը, հերթականությունը, որպեսզի ժողովուրդը իմանա, և ես կարծում եմ, որ մեզ սպասում են ճակատագրական, բախտորոշ և արտահերթ մի քանի ամիսներ, որոնք ենթադրում են նոր լուծումներ: Դրա համար մենք կաշխատենք մեր գործընկերների հետ, բայց չեմ կարծում, որ որևէ մեկը կուզենա՝ ոչ քաղաքական ուժ, ոչ էլ՝ քաղաքացի, որ ինքը ժամավաճառությամբ զբաղվի: Ժողովուրդը պետք է տեսնի, որ ինչ որ այս մի տարվա մեջ արվել է, պետք է արդյունքի բերվի», - ասաց Հովհաննիսյանը:

«Ժառանգության» ղեկավարը նշեց, որ ինքը «ամբողջական իշխանափոխություն» եզրը չի օգտագործում, փոխարենն ընդգծեց, որ կա երեք ուժերի շատ կառուցողական համագործակցություն հատկապես խորհրդարանում:

Հարցին՝ արդյոք եռյակը չի՞ սպառվել, Հովհաննիսյանն արձագանքեց, որ իր կարծիքով՝ այն չի սպառվել և ունի հեռանկար, բայց ունի նաև մեթոդաբանական շտկման անհրաժեշտություն, որը ենթադրում է նաև քաղաքացիական ուժերի ներառում, որոշումների մեխանիզմի հայտարարություն և այն, թե որն է իրենց նպատակը, որոնք են միջոցները:

«Մինչև դա չեղավ, չենք կարող ասել, որ կա ամբողջական օրակարգ և չկա ամբողջական շարժում: Դրա համար անհրաժեշտ է, որ ղեկավարները հանդիպեն, որոշեն և ներկայացնեն ժողովրդին այդ միացյալ օրակարգը», - ընդգծեց «Ժառանգության» առաջնորդը:

Հովհաննիսյանը հավելեց, որ [եռյակի ղեկավարներին] տևապես հրավիրում է հանդիպումների: Նրա դիտարկմամբ՝ բնական է, որ քաղաքական գործընկերները, նույնիսկ եթե ունենան տարաձայնություններ, պիտի հաղորդակցության խողովակները բաց պահեն:

«Իհարկե կան տարբերություններ՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական, դրանք պետք է հաղթահարվեն, բայց իմ կարծիքով հիմա անհրաժեշտ է հրապարակ բերել այս հիմնախնդիրը: Մենք պետք է ավելի ճշգրիտ խոսենք ժողովրդի հետ: Ժողովուրդը արժանի է դրան», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ձեզ վստահեցնում եմ, որ այս տարվա փետրվարի 18-ին Երևանում, կամ այս տարվա ապրիլի 9-ին Գյումրիի հրապարակում, եթե այդ ուժերը իրենց համակիրներով, ժողովրդով, ղեկավարներով կանգնեին կողք կողքի, մենք կունենայինք նոր Հայաստան: Հիմա դրա կամքը և հանձնառությունը անհրաժեշտ է, եթե փոփոխություն ենք ուզում, ոչ թե պատրաստվել ընտրությունների, թե ինչ-որ, էսպես, միջկուսակցական բնականոն հարաբերություններ: Մեզ արտահերթ լուծում է պետք», - շեշտեց «Ժառանգության» առաջնորդը:

XS
SM
MD
LG