Մատչելիության հղումներ

Նալբանդյանը խորհրդակցություն է անցկացրել Եվրոպայում ՀՀ դեսպանների հետ


Դեկտեմբերի 6-ին՝ Փարիզում, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ ավանդական խորհրդակցություն է անցկացրել

«Խորհրդակցությանն անդրադարձ արվեց հունիսին Երևանում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը»,- հայտնում է Հայաստանի արտաքին գերատեսչության տեղեկատվության վարչությունը։

Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, ամփոփեց 2014թ. կատարված աշխատանքները, Բազելում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները և համապատասխան հանձնարարականներ է տվել՝ հաջորդ տարի իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպման օրակարգում էր ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունների հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը և Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Խորհրդակցության մասնակիցները անդրադարձել են նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը։

«Հանդիպմանը հատուկ ընդգծվեց եվրոպական երկրների և կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարևորությունը, անդրադարձ արվեց դեսպանությունների գործունեության՝ միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում և դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG