Մատչելիության հղումներ

Նալբանդյան. Եռանախագահների կոչը ուղղված էր Ադրբեջանին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

ԵԱՀԿ ամենամյա նախարարների խորհրդին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բազելում՝ լրագրողների հետ ճեպազրույցում իր գնահատականներն է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի մասով խորհրդի աշխատանքների վերաբերյալ։

«Յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում հայտարարություններ են ընդունվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Այս անգամ, իհարկե, պայմանները այդքան բարենպաստ չէին, որ հնգակողմ հայտարարություն ընդունվեր, և եռանախագահները որոշեցին առանձին` եռակողմ հայտարարությամբ հանդես գալ, որն արվեց պատվիրակությունների ղեկավարների մակարդակով` ՌԴ արտգործնախարար Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Քերրիի և Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետնախարար Դեզիրի կողմից:

Ի՞նչ է ասվում այդ հայտարարության մեջ։ Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծում են, որ այլընտրանք չկա բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնահարցի լուծմանը: Ու՞մ է դա ուղղված. պարզ է, թե ում։ Հայաստանը նախագահի մակարդակով, տարբեր այլ մակարդակներով բազմիցս նշել է, որ, պետք է գնալ հիմնախնդրի լուծման բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով»,- ասում է Նալբանդյանը։

Նալբանդյանի կարծիքով՝ եռանախագահները շատ դիվանագիտական, «չափազանց դելիկատ» լեզվով են խոսում, ասում են, որ կարելի էր խուսափել ողբերգությունից [հայկական ուղղաթիռի խոցումից].- «Հայտարարության մեջ եռանախագահները կոչ են անում կողմերին, նորից միջնորդների լեզվով են խոսում, բայց պարզ է, որ դա Ադրբեջանին է ուղղված, քանզի պարզ է՝ հենց Բաքուն է զինադադար խախտողը։ Պարզ է, նաև, որ եթե Ադրբեջանը մշտապես մերժում է եռանախագահների առաջարկը` ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմ, ուստի դրանց հետևանքների ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա»,- ասում է Հայաստանի արտգործնախարարը։

Պատասխանելով հարցին, թե ե՞րբ են լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հաջորդ բանակցությունները, Նալբանդյանը ասել է.- «Այս բավական բարդ իրավիճակը, որ ստեղծվել է ուղղաթիռի խոցման և Ադրբեջանի կողմից սադրանքների հետևանքով, լրացուցիչ քայլեր է պահանջում՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու բանակցություններն առաջ տանելու նպատակով։ Ադրբեջանն իր սադրիչ հայտարարարություններով, իր գործողություններով, չի նպաստում այդպիսի պայմանների ստեղծմանը, տրամագծորեն հակառակն է անում: Այս շրջանում առաջին հերթին ջանքերը պետք է ուղղվեն բանակցությունների համար համապատասխան, գոնե մինիմալ պայմանների ապահովմանը»։

«Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը»,- ամփոփել է Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG