Մատչելիության հղումներ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը Իսմայիլովայի կալանավորումը համարում է լրագրողին լռեցնելու փորձ


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Փեիջ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Փեիջ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Փեիջը դատապարտել է ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովային կալանավորելու որոշումը։

Բաքվի դատարանը այսօր «Ազատության» լրագրող Խադիջա Իսմայիլովային երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Նրան մեղադրում են անձին ինքնասպանության հասցնելու մեջ։

Այսօր տարածած հայտարարությունում Փեիջը նկատել է, որ կալանավորման այս որոշումից մեկ օրը առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևը 60 էջանոց հայտարարություն էր տարածել, որում Իսմայիլովային մեղադրել էր «անհնազանդության» և «ադրբեջանական համայնքի հայտնի անդամների նկատմամբ կործանարար վերաբերմունք» ունենալու մեջ, ինչը, ըստ Մեհտիևի, լրագրողի՝ «արտերկրում գտնվող տերերին գոհացնելու համար է արվում»։ Մեհտիևի հայտարարությունում նաև ասվում է, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը «զզվելի ուղի է» բռնել, իսկ աշխատակիցները աշխատում են օտարերկրյա գաղտնի ծառայությունների համար։

«Իսմայիլովայի ձերբակալությունը և կալանավորումը արդեն երկու տարի շարունակվող արշավի շրջանակներում լրագրողին լռեցնելու ամենաթարմ փորձն է, ով հետաքննություններ է արել կառավարության կոռուպցիայի և Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին։ Այսօր նրա դեմ առաջադրված մեղադրանքները զայրացնող են։ Խադիջան պատժվում է իր լրագրողական աշխատանքի համար»,- ասել է Փեիջը։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիրը հավելել է, որ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարը վտանգավոր և անխոհեմ հայտարարություն է արել, և դա կարող է ընկալվել որպես «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակիցներին ուղղված սպառնալիք։

Հայտնի լրագրողի կալանավորումը այսօր դատապարտել է նաև ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը։

«Իսմայիլովայի կալանավորումը ոչ այլ ինչ է, քան բեմադրված ահաբեկություն, որը ազատ և քննադատական խոսքը լռեցնելու արշավի մաս է կազմում»,- հայտարարել է Միյատովիչը և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին վերջ տալ մամուլի ազատությանը վնասող այս գործելակերպին։

Իսմայիլովան տասնյակ աղմկահարուց հոդվածներ ու նյութեր է հրապարակել տեղական ու արևմտյան մամուլում՝ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների բիզնեսների մասին, ինչի համար տարիներ շարունակ հետապնդվել է: Երկու տարի առաջ նրան վարկաբակող տեսանյութ էր տարածվել համացանցում, այս տարի էլ իշխանությունները արգելել են մեկնել Պրահա՝ մասնակցելու միջազգային համաժողովի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG