Մատչելիության հղումներ

ՀՊՄՀ-Ի կառավարման խորհուրդը կգլխավորի Գալուստ Սահակյանը


Բուհի կառավարման խորհրդի նախորդ նախագահը, հիշեցնենք, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր:

Այսօր բաց քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընտրվեց Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) կառավարման խորհրդի նախագահ:

Կառավարման խորհրդի նախորդ նախագահը, հիշեցնենք, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր:

Մայրաքաղաքի բուհերի կառավարման խորհուրդները գլխավորում են հիմնականում իշխող կուսակցության ղեկավար անդամները․ Երևանի պետական համալսարանում՝ նախագահ Սերժ Սարգսյանը, Պետական տնտեսագիտական համալսարանում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Բրյուսովի անվան Պետական լեզվաբանական համալսարանում՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանում՝ քաղաքապետ Տանոր Մարգարյանը, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ՀՊՄՀ-ի խորհրդի անդամներից Ազգային ժողովի խոսնակի թեկնածությանը դեմ քվեարկեց միայն Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:

Նա վկայակոչեց «Հանրակրթության մասին» օրենքը, ըստ որի բուհը չպետք է քաղաքականացվի․ - «Այն, որ Ազգային ժողովի նախագահը դառնում է տվյալ բուհի խորհրդի նախագահ, ասում է, որ բուհում Հանրապետական կուսակցությունն է թագավորելու․․․ Բան ու գործ չունե՞ք, այ ժողովուրդ: Վարչապետ, Ազգային ժողովի նախագահ, Հանրապետության նախագահ, նախարար, բոլորդ պիտի խորհրդի նախագահ լինե՞ք»:

Բախշյանի դիտարկմամբ՝ դահլիճում ներկա էին հիմնականում Հանրապետական կուսակցության անդամներ կամ համախոհներ:

«Ազատության» հարցին, թե ինչու են իշխող քաղաքական ուժի ղեկավար ներկայացուցիչները ընտրվում բուհերի կառավարման խորհուրդների նախագահներ, Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե կոնկրետ ինքը պատահական մարդ չէ, երկար տարիներ այս ոլորտում է աշխատել: Անգամ պնդեց, թե այս պաշտոնն իր համար խորհրդարանի խոսնակի աթոռից բարձր է․ - «Ես սա մեծ հաճույքով եմ ընդունում, որովհետև սա իմ մթնոլորտն է, իմ մասնագիտությունն է»:

Իսկ հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն ճնշում չի գործադրում բուհերի վրա, Սահակյանը հակադարձեց․ - «Կուսակցությունը իշխանություն չի, որ իշխի բուհերի վրա»:

Բուհի կոլեկտիվը ողջ կազմով հոտնկայս շնորհավորելով կառավարման խորհրդի նորընտիր նախագահին, նրան պարգևատրեց ՀՊՄՀ-ի Պատվո մեդալով:

«Այնքան տխուր է այս ամեն ինչը, շողոքորթության այս մթնոլորտը, ստորաքարշության այս մթնոլորտը․․․ Պատիվ չի բերում բուհին», - «Ազատության» հետ իր տպավորությունը կիսեց Անահիտ Բաշխյանը:

XS
SM
MD
LG