Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը եռյակի ներսում «օրակարգ ճշտելու» խնդիր է տեսնում


Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքացիական ժողովն այսօր անցավ գրական-երաժշտական մթնոլորտում, հնչում էին երգեր, ասմունք:

Խորհրդարանական եռյակի «Ժառանգության» գործընկերները՝ «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Հայ ազգային կոնգրես»-ը հավաքին չէին միացել: Ելույթ ունենալով Ազատության հրապարակում հավաքված քիչ թվով մարդկանց առջև՝ Րաֆֆ Հովհաննիսյանը նախ առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանին հակադարձեց՝ հնարավոր է կանխել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը, տնտեսական դաշինքը քննադատողներն էլ մարգինալներ չեն։

«Այս աշխարհի վրա, մեր երկրում ոչ մի անշրջելի բան չկա, ոչ մեկը լուսանցքային չէ»,- հայտարարեց նա։

Հարթակից հնչող գրեթե բոլոր ելույթներում անդրադարձավ եղավ երեկվա քվեարկությանը. դեմ կոճակը սեղմած յոթ պատգամավորներից մեկը՝ Զարուհի Փոստանջյանը, գործընկերներին քննադատեց անխնա։

«Մեզ, իհարկե, մոտ ապագայում սպասվելու են դժվարին օրեր։ Թե սոցիալական վիճակն է վատթարանելու, թե նաև քաղաքական ճգնաժամն է ավելի ցայտուն դառնալու։ Երեկվա քվեարկությունը իրապես դավաճանների քվեարկություն էր։ Եվ թող որևէ մեկը չասի, որ իրենց կախված չէր։ Այդ օրը, այդ պահին, այդտեղ, ովքեր հնարավորություն ունեին սեղմելու այդ կոճակները, քաջ գիտակցում էին, թե ինչի համար էին կողմ։ Նրանք մեր ազատությանն են դավաճանել, մեր անկախությանը, մեր հայրենիքը վերագտնելու են դավաճանել։ Իրենք իրենց են դավաճանել և իրենց երեխաներին»,- ասաց պատգամավորը։

«Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը մեղմեց՝ կոնյուկտուրայից ելնելով են կողմ քվեարկել.- «Որևէ դավաճանության խոսք լինել չի կարող, բոլորը մեր հայրենակիցներն են։ Դավաճանությունը այն էր, որ մենք թույլ տվեցինք այս իշխանությունները մնան։ Այս իշխանություններն են իրենց լեգիտիմության [բացակայության] պատճառով, պետական ռեսուրսները թալանելու համար մեր արտաքին քաղաքականության հետ խաղ խաղացին»։

Հանրահավաքի հետո Րաֆֆի Հովհանիսյանը նաև եռյակի հետագա ճակատագրին անդրադարձավ։ Ասաց՝ «Ժառանգություն»-ը չի դադարեցնի համագործակցությունը գործընկերների հետ, բայց ժամանակն է իրերն իրենց անունով կոչել։

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք անհամաձայնությունը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի շուրջ է, «Ժառանգության» առաջնորդն ասաց.- «Մասնավորաբար ուզում են, բայց ժամը մոտենում է, որ հրապարակավ պահանջեն։ Ինչ որ մասնավոր ասվում է, պետք է հրապարակավ ասեն։ Մոտեցել ենք այդ շատ կարևոր, չասեմ ջրբաժան, խաչմերուկին, երբ քաղաքական ուժերի ներկայացուցիչները պիտի ճշտորոշեն իրենց մոտեցումները, օրակարգը, որոշումների կայացման մեխանիզմը և ժողովրդին ասեն՝ վաղը ինչ ենք անում միասին։ Միայն թե միասին։ Երբ քաղաքական հիմնական ուժերը, այդ թվում՝ պարոն Ծառուկյանը և իր կուսակցությունը կանգնե ժողովրդի դեմ դիմաց և ասեն՝ «ազատ, անկախ, սահմանադրական Հայաստան, անհապաղ և ամբողջական իշխանափոխություն՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական նոր ընտրություններով», այն ժամանակ մենք նոր վիճակի մեջ կգտնվենք»։

Ընդդիմադիր առաջնորդը վաղը Վանաձորում և Գյումրիում է հավաքներ անցկացնելու։ Դեկտեմբերի 10-ին «ժառանգությունը» միանալու է Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած ամենամյա հանրահավաք երթին՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը:

XS
SM
MD
LG