Մատչելիության հղումներ

Սամվել Ճզմաչյան. Այսօր դրամի հետ տեղի ունեցողը խուճապի հետևանք է


Հայաստանի բանկերի միության նախագահի խոսքով՝ դեկտեմբերի 20-ից պետք է «հանդարտեցում լինի»։

Այսօր դրամի հետ տեղի ունեցողը խուճապի հետևանք է, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը՝ ընդգծելով, որ ներկայում դրամը թերաժեվորված է:

Հարցին, թե բանկերում ի՞նչ է կատարվում և ինչո՞ւ է սահմանափակ քանակությամբ դոլար վաճառվում, Ճզմաչյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ այս ամենը միանշանակ խուճապի հետևանք է։ Մեր տնտեսությունն, իմ կարծիքով, և համոզված եմ՝ ունակ է այսօր ունենալու դրամի փոխարժեք մոտավորապես 435-445 տատանումով։ Դրա հետ մեկտեղ խուճապն է, որ բերում է դրան»։

Ճզմաչյանը ասաց, որ դեկտեմբերը յուրահատուկ ամիս է դրամ-դոլար հարաբերակցության համար՝նշելով, որ յուրաքանչյուր տարի նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին սկսում է դոլարի աճը դրամի նկատմամբ։

Հարցին, թե միայն խուճա՞պն էր կտրուկ տատանումների պատճառը, Ճզմաչյանը պատասխանեց. - «Եվ խուճապը, և իհարկե, մեր տնտեսության բավականին մեծ կախվածությունը Ռուսաստանի շուկայից։ Ես կարծում եմ, որ ամսի 20-ից պետք է հանդարտեցում գնա և մինչև անգամ իջնի, որովհետև մեր ժողովուրդը քրիստոնյա ժողովուրդ է, և պատրաստվում է Նոր տարին նշելու։ Խորապես համոզված եմ, որ բարձի տակից կամ էլ բանկերից կհանեն իրենց գումարները, կվաճառեն, որպեսզի դրամով առևտուր անեն»։

Հարցին, թե նա ևս պատրաստվո՞ւմ է իր դոլարները վաճառել, Ճզմաչյանը պատասխանեց. - «Ես դրա կարիքը չունեմ»։

Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ը նախապատրաստվում է մինչև փետրվարի սկիզբը մոտ մեկ-երկու տրիլիոն տպաքանակով դոլար թողնել և դա, ըստ Հայաստանի բանկերի միության նախագահի, միանշանակ կբերի դոլարի որոշակի արժեզրկման։

Ճզմաչյանը նաև նշեց, որ այս օրերին դրամի արժեզրկումը որոշ առումներով կապված է նաև որոշ կառույցների և որոշ անձանց կողմից արվող «սպեկուլացիոն գործողություններով»։

«Օրինակ, եղան դեպքեր, երբ բանկերը դնում են 439։ Հետո տարբեր մարդկանց անուններով չեյնջերը գալիս-գնում են, հետո 457-460-ով վաճառում են։ Մինչև անգամ տաքսի ծառայությունների անձանց են ներգրավում դրանց մեջ։ Մենք ունենք այդ տվյալները», - ասաց Ճզմաչյանը։

XS
SM
MD
LG