Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչները ինքնիշխանության կորուստ չեն համարում անդամակցությունը ԵՏՄ-ին


Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այսօր Հայ ազգային կոնգրես և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, թե անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)՝ Հայաստանը չի կորցնում ինքնիշխանությունը:

Երեկ խորհրդարանում, հիշեցնենք, իշխող ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ միասին, ՀԱԿ-ի պատգամավորները նույնպես կողմ քվեարկեցին Եվրասիական միությանը միանալու պայմանագրին:

Հակադարձելով պնդումներին, թե երեկ Ազգային ժողովում ԵՏՄ-ին միանալու պայմանագրին «կողմ» քվեարկողները դավաճան են, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց․ - «Ես համարում եմ, որ այն մարդիկ, ովքեր իսկապես մտածում են, որ անկախության կորուստ կա, և դրա մասին խոսում են, իրենք են իսկական դավաճանները՝ եթե չեն եկել Ազգային ժողովի չափարները ջարդելու: Ես, եթե հավատայի, որ անկախության կորուստ կա, ես գալու էի ջարդեի, Ազգային ժողով մտնեի, ավիրեի, չթողնեի, որ նման որոշում կայացվեր: Այն 15 հոգին, որ հավաքվել էին, նրանք ազնվագույն մարդիկ են․ նրանք հավատում են և եկել են դրա դեմ պայքարելու: Իսկ ով հավատում է, որ եղել է անկախության կորուստ, և չի եկել Ազգային ժողովը փշրելու, ջարդելու, այդ մարդիկ դավաճաններ են»:

Զուրաբյանը չշրջանցեց նաև ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովի երեկվա հայտարարությունը, թե՝ կողմ քվեարկելով ԵՏՄ-ին անդամակցելուն, ոչ իշխանական ուժերը, ըստ էության, ծափահարեցին Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը:

«Երեկ միջանցքում պատահաբար ես հանդիպել եմ և անգամ սեղմել եմ և՛ Շարմազանովի, և՛ Աշոտյանի մենկած ձեռքը: Հիմա մտածում եմ՝ կարո՞ղ է դա էլ ներկայացնեն որպես աջակցություն Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը», - այդ կապակցությամբ ասաց Զուրաբյանը:

ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի վավերացմանը կողմ քվեարկած «Բարգավաճ Հայաստան»-ը նույնպես պնդում է, որ Հայաստանն իր ինքնիշխանությունը չի կորցնում:

Հարկ է նշել, որ, թեև ԲՀԿ-ն կողմ քվեարկեց պայմանագրի վավերացմանը, խմբակցության բազմաթիվ անդամներ չմասնակցեցին քվեարկությանը:

«Ազատության» հարցին, թե արդյոք այս պատկերն արտացոլում է կուսակցությունում ԵՏՄ-ին անդամակցելու շուրջ սկզբունքային տարաձայնությունները, պատգամավոր Ստեփան Մարգարյանը չթաքցրեց, որ սկզբնական շրջանում հարցի վերաբերյալ խմբակցությունում տարբեր մոտեցումներ են եղել․ - «Ո՛չ մենք համարում ենք շատ լավը, ո՛չ էլ համարում ենք շատ վտանգավոր սա: Սա պրագմատիզմի դրսևորում է եղել: Մենք իրար համոզել ենք և որոշումը գրեթե կոնսեսուսով ենք ընդունել»:

Մարգարյանն նաև հակադարձեց Շարմազանովի վերոհիշյալ հայտարարությանը՝ վստահեցնելով, որ իրենց քվեարկությունը կապ չունի ՀՀԿ-ի խոսնակի նշած պատճառների հետ․ - «Որևէ կապ չունի մեր քվեարկությունը ծափահարելու կամ ընդհանրապես մեր երկրի վարած արտաքին քաղաքականությանը կողմ լինելու հետ»:

Նրա համոզմամբ՝ Հայաստանը ի սկզբանե պետք է չեզոքություն պահպաներ ու չմասնակցեր ինտեգրման որևէ գործընթացի: Եթե չորս տարի առաջ Հայաստանը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ չսկսեր, այսօր ավելի ուժեղ դիրքերում կլիներ: Իսկ արդեն ստեղծված իրավիճակում ԵՏՄ-ից հրաժարվելով՝ Հայաստանը է՛լ ավելի կխորացներ տարածաշրջանային մեկուսացվածությունը:

Դաշնակցությունն այսօր անդրադառնալով երեկվա քվեարկությանը՝ պնդեց, որ կողմ քվեարկելով ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրին, հաշվի են առել Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը: Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ձևակերպմամբ՝ նախ և առաջ «ֆիզիկական անվտանգությունն ապահովելու խնդիր կա այսօր»․ - «Այո, մենք չկարողացանք մեր եվրոպական գործընկերներին բացատրել, որ պետք է գտնել նոր, ավելի լուրջ, ամբողջական անվտանգության համակարգ հարավկովկասյան տարածաշրջանի համար»:

Պայմանագրի վավերացմանը դեմ քվեարկած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, թե այն, ինչ տեղի ունեցավ երեկ խորհրդարանում, ուղղակի «քաղաքական տգիտության արդյունք էր»․ - «Պետության հեղինակությունը, պետության քաղաքական անվտանգությունը, պետության արժանապատվությունը միջազգային ամբիոններում պաշտպանելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը գոնե ունենար 30-40 դեմ ձայն․․․ Գոնե վաղը, մյուս օրը մանևրի հնարավորություն կունենար»:

Իսկ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ իր կուսակից Մհեր Սեդրակյանի երեկվա հայտարարությանը, թե՝ հայերը միշտ եղել են ուրիշների լծի տակ՝ պարսիկի, թուրքի, ռուսի: «Լավ չի՞ ռուսի իշխանության տակ լինենք», - ասել էր իշխող ուժի խորհրդարանական խմբակցության անդամը:

Բաղդասարյանն այսօր պարզաբանեց, թե Մհեր Սեդրակյանը «մտքի սայթաքում» է ունեցել․ - «Կարող է մտքի սայթաքումներ լինեն, բայց միտքը այսպիսին էր՝ մենք հազարամյակներ առաջ, հարյուրամյակներ առաջ եղել են դեպքեր, երբ չենք ունեցել պետականություն, և ա՛յդ պետությունների լծի տակ ենք եղել: Մենք հիմա թոթափվում ենք այդ լծից և ունենք անկախություն, անկախ պետականություն և չենք պատրաստվում որևէ մի լծի տակ լինել»:

XS
SM
MD
LG