Մատչելիության հղումներ

Շարմազանովը քննադատում է ԱԺ նիստին չներկայացած պատգամավորներին


Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրի վավերացումը խորհրդարանում, ըստ Ազգյաին ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդվարդ Շարմազանովի, ցույց է տալիս, որ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը ընդունելի է մեծամասնության համար։

Այսօր երեկոյան Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո կայացած ասուլիսում Էդուարդ Շարմազանովը ասաց, որ նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին՝ երբ հայտնի դարձավ Մաքսային միությանը միանալու մտադրության մասին, քննադատության ալիք սկսվեց իրենց կուսակցության և նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին։ Շարմազանովը անգամ հիշեց, թե որոշ պատգամավորներ իրենց ինչ բառերով էին քննադատում. - «Նույնիսկ խոսում էին նսեմացման մասին, արժանապատվության մասին... մարդիկ կային` ասում էին վասալական պայմանագիր է, բայց այսօր 103 կողմը ցույց տվեց, որ բացի 7 պատգամավորից, մնացածը բոլորը իրենց քվեարկությամբ ընդունեցին, որ Հայաստանի Հանրապետության նախագահի իրականացրած որոշումը ոչ միայն ընդունելի է, այլ նրանք ծափահարում են այդ քաղաքական կուրսը»:

Շարմազանովը շեշտեց, որ իրենց քննադատող մի քանի պատգամավորներ էլ ԱԺ նիստին պարզապես չէին ներկայացել, մինչդեռ, իր կարծիքով, ավելի ազնիվ կլիներ, եթե նրանք գային և արտահայտեին իրենց կարծիքը։

«Պոպուլիզմը, ամբոխահաճո արտահայտությունները, դրանք որևէ մեկին չեն գեղեցկացնում, որևէ մեկի քաղաքական քաշը չեն ավելացնում: Ընդհակառակը, այն քաղաքական գործիչները, ովքեր մինչև 1-ը ասում են մեկ բան, 1-ից 5-ը` այլ բան, իսկ 5-ից հետո մոռանում են, թե այդ ամբողջ օրվա ընթացքում ինչ են ասել և ասում են երրորդ` լրիվ այլ կարծիք, նրանք քաղաքական դաշտում տեղ չունեն», - հայտարարեց ՀՀԿ խոսնակը:

Այն հարցին, թե ինչու ԵՏՄ-ին միանալու հարցը չդրվեց հանրաքվեի, Շարմազանովը պատասխանեց, որ դա իրատեսական չէր։

Երեկ խորհրդարանում ԵՏՄ-ի հարցով քվեարկությունից առաջ մի խումբ քաղաքացիներ ընդդեմ Միության բողոքի ցույց էին անցկացնում, մի շարք հանրապետական պատգամավորներ էլ վիրավորել էին ցույցի մասնակիցներին։ «Ազատության» այն հարցին, թե ինչպես է գնահատում իրենց պատգամավորների վարքագիծը, Շարմազանովը պատասխանեց, որ բոլորը պետք է բարեկիրթ լինեն. - «Ե՛վ պատգամավորները, և՛ մեր սիրելի քաղաքացիները, պետք է կարողանանք ցանկացած խնդիր, նաև դժգոհություն` ամեն ինչ լինի չափի և էթիկայի սահմաններում: Բնականաբար, ես հասկանում եմ նաև որոշ մեր քաղաքացիների վրդովմունքը, չհամաձայնելով նրանց կարծիքի հետ, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ բոլորս պետք է մեզ պահենք կոռեկտության սահմաններում»

Մոտ մեկ ամսից Հայաստանը կդառնա Եվրասիական միության անդամ։ Այդ միությունում Հայաստանը մեկ ներկայացուցիչ պետք է ունենա։ Վերջերս լուրեր էին շրջանառվում, թե այդ պաշտոնում առաջադրվել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի թեկնածությունը։ Այս առնչությամբ «Ազատության» հարցին ի պատասխան՝ Շարամազանովը ասաց, որ այժմ մի քանի թեկնածուներ կան, սակայն նրանց անունները հրապարակելը կոռեկտ չի համարում։

«Երբ որ կլինի` կիմանաք: Երբ որ մենք պաշտոնապես դառնանք հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ, այն ժամանակ իշխանությունները կներկայացնեն իրենց թեկնածուներին», - հայտարարեց նա:

XS
SM
MD
LG