Մատչելիության հղումներ

logo-print

Բելառուսում Հայաստանի պահանջով ձերբակալվել է «ԱրմենՏել»-ի նախկին տեխնիկական տնօրեն Վլադիմիր Սաչկովը։ Այժմ քննարկվում է նրան Հայաստանի իրավապահներին հանձնելու հարցը:

Սաչկովը և «ԱրմենՏել»-ի նախկին ղեկավարը՝ գործադիր տնօրեն Իգոր Կլիմկոն մեղադրվում են խոշոր չափի ֆինանսական մեքենայությունների, հարկեր վճարելուց խուսափելու մեջ: Այս մասին հաղորդում է ռուսական CNews կայքը:

Ըստ Հայաստանում հարուցած քրեական գործի նյութերի՝ Սաչկովն ու Կլիմկոն կասկածվում են միջազգային հեռախոսազանգերիից ստացված եկամուտները օֆշորային գոտի հանելու մեջ, որի հետևանքով Հայաստանի բյուջեն 35 միլիոն դոլարի վնաս է կրել, այդքան գումարի հարկ Հայաստանի բյուջեին չի վճարվել:

Սաչկովը հերքում է իր դեմ հարուցված մեղադրանքները։ Նա CNews-ին ասել է, որ խախտումները հայտնաբերվել են, երբ ինքն արդեն հեռացել էր «ԱրմենՏել»-ից, և որ ինքը ոչ մի օֆշորային գոտում ու արտասահմանում բանկային հաշիվներ չունի: Ըստ հրապարակման՝ «ԱրմենՏել»-ի նախկին ղեկավարության դեմ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը գործ է հարուցել հենց «ԱրմենՏել»-ից ստացված դիմումի հիման վրա:

«ԱրմենՏել»-ի նախկին տեխնիկական տնօրեն և ընկերության նախկին ղեկավարը Հայաստանից հեռացել են անցյալ տարի:

Սաչկովը ծնվել է Բելառուսում, կրթությունը ստացել է Ռուսաստանում՝ Կալինինգրադում: «ԱրմենՏել»-ի նախկին ղեկավարների ծանոթությունը, համատեղ գործունեությունը սկսվել է Կալինինգրադից։

Հեռանալով Հայաստանից Սաչկովը այս տարվա սկզբից աշխատանքի է անցել Մինսկում, նա նշանակվել է բելառուսական Velcom բջջային կապի ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ՝ տեխնիկական հարցերով: Velcom ընկերության մամուլի ծառայությունից հրաժարվել են մեկնաբանություն տալ, բայց Cnews-ը նշում է, որ ընկերության կայքում գլխավոր տնօրենի տեխնիկական հարցերով տեղակալի պաշտոնում Վլադիմիր Սաչկովի փոխարեն այլ մարդու անուն է նշված:

«ԱրմենՏել»-ը Հայաստանի բջջային կապի և գծային հեռախոսակապի ընկերություն է, որն աշխատում է ռուսական «Բիլայն»-ի ապրանքանիշով, այն մտնում է «Վիմպելկոմ» խմբի մեջ: «Վիմպելկոմ»-ից CNews-ին հրաժարվել են մեկնաբանություններ տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG