Մատչելիության հղումներ

Վերջին խոսքում Խաչիկյանը շնորհակալություն հայտնեց իր կուսակիցներին


Վերջին խոսքում Խաչիկյանը շնորհակալություն հայտնեց իր կուսակիցներին
please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00

Վերջին խոսքում Խաչիկյանը շնորհակալություն հայտնեց իր կուսակիցներին

Բյուջեից միլիոնավոր դրամների յուրացման մեջ մեղադրվող Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ, ցայսօր ՀՀԿ-ի անդամ հանդիսացող Վազգեն Խաչիկյանն այսօր Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերջին խոսքում զղջման, ներման խնդրանքի կամ արդարացման խոսքեր չասաց։

Փոխարենը շնորհակալություն հայտնեց հարազատ կուսակցության որոշ անդամների գրեթե երկու տարի ձգվող դատավարության ընթացքում իր կողքին կանգնելու համար։ Անուններ չհնչեցրեց․ - «Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում եղել են ամբաստանյալների, և մասնավորապես, իմ կողքը: Դրանք և՛ իմ հարազատներն են, և՛ իմ բարեկամներն են: Շնորհակալություն նաև իմ բոլոր ընկերներին, շնորհակալություն իմ հարազատ կուսակցության այն անդամներին, ովքեր այս ժամանակահատվածում նաև իմ կողքն են եղել»:

Մեղադրողը պահանջել է Խաչիկյանին դատապարտել 13 տարվա ազատազրկման՝ բյուջեից 29 միլիոն դրամ խարդախությամբ տիրանալու ու կազմակերպված խմբով յուրացնելու համար։

Ընդհանուր առմամբ, Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահը և նրա 12 ենթակաները մեղադրվում են շուրջ 300 միլիոն դրամի յուրացման մեջ։

Մեղադրական եզրակացության համաձայն հանցավոր խմբի պարագալուխ ճանաչված Խաչիկյանը, ըստ էության չընդունելով առաջադրված մեղադրանքն ու կասկածի տակ դնելով նախաքննության օբյեկտիվությունը, խոսեց գործում «առկա հակասությունների մասին»։

Իսկ դատավորին խնդրեց առաջնորդվել օրենքի տառով և օբյեկտիվ ու արդարացի դատավճիռ կայացնել․ - «Իմ պարտքն եմ համարում ասել, որ ինչ վճիռ էլ որ կայացվի, այդ վճիռը կայացվելու է հանուն Հայաստանի Հանրապետության: Եվ որպես Հայաստանի Հանրապետության օրինապահ քաղաքացի, ես պատրաստ եմ կրելու այն պատիժն ու պատասխանատվությունը, որոնք սահմանված են օրենքով»:

Վերջին խոսքում Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին ղեկավարը հատուկ շեշտեց, որ ինքը հնարավորություն ուներ խուսափելու դատավարությունից, սակայն այդ քայլին չդիմեց․ - «Ես ինքս այս գործի հարուցումից առաջ, հարուցումից հետո գտնվում էի արտասահմանում, ինքնակամ եմ վերադարձել: Բազում հնարավորություններ ունեի արտասահմանում մնալու: Ասեմ ավելին՝ ես հնարավորություն ունեի այլ անձնագիր ունենալու, ոչ Հայաստանի Հանրապետության, և այդպիսով թաքնվելու թե՛ նախաքննությունից, թե՛ դատաքննությունից: Բայց իմ պարտքն եմ համարել գալ Հայաստան, ցանկացած պահանջով ներկայանալ քննչական մարմիններին»:

Խաչիկյանի հետ մեղադրվող նրա 12 ենթակաների մեծ մասը չընդունեց առաջադրված մեղադրանքն ու դատավորին խնդրեցիհ մեղմ պատիժ սահմանել։

Չնայած առաջադրված մեղարդանքին, Խաչիկյանը շարունակում է մնալ հանրապետական կուսակցության շարքերում։ «Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Ժորա Վարոսյանն ասաց, որ նախաքննական մարմինն արեց հնարավորը, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքով նրան ավելի երկար ազատազրկում սպառնա: Թե ում էր ձեռնտու սա՝ Վարոսյանը խուսափեց պատասխանել:

Դատավորը որոշումը կհրապարակի երեքշաբթի։

XS
SM
MD
LG