Մատչելիության հղումներ

Ակտիվիստները մտահոգված են Օպերայի հարակից պուրակում շինարարությամբ


Օպերայի շենքի հարակից Մոսկովյան պուրակում կառուցապատումը շինթույլտվության փոխարեն ընթանում է էսքիզային նախագծի հիման վրա:

Ակտիվիստներն ու ճարտարապետներն անհանգստացած են․քաղաքային իշխանությունն ու ոստիկանությունը Երևանի կենտրոնում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում, շինարարությունը օրինական են համարում՝ բավարարվելով միայն էսքիզային նախագծով, այն դեպքում, երբ դրա համար անհրաժեշտ է շինթույլտվություն: Ճարտարապետ Արսեն Կարապետյանի խոսքով՝ էսքիզային նախագիծը հաստատվելու համար դեռ պետք է մի քանի ատյաններով անցնի:

«Էսքիզը ընդհանրապես նկար է, կարելի է ցանկացած բան նկարել, չգիտեմ՝ երկնաքեր Օպերայի բակում, ու ասես՝ սա էսքիզ է, ես արել եմ: Հիմա ուրիշ հարց է՝ թույլ կտան, թե չէ, բայց շինթույլտվությունը դա շատ կոնկրետ փաստաթուղթ է», - ասաց ճարտարապետը:

Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ ոստիկանությունն ու քաղաքապետարանը այդ կիսատ փաստաթղթի հիման վրա աչք են փակում շարունակվող շինարարության վրա:

«Նման քայլերի գնում են այն մարդիկ, ովքեր ունեն չափազանց բարձր անպատժելիության աստիճան և չափազանց բարձր հովանավորչություն: Նման անպատժելի պաշտոնյաները կարող են իրենց թույլ տալ քաղաքի կենտրոնում օրը ցերեկով ուղղակի անել այն, ինչ իրեն մտքին գալիս է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Օպերայի հարակից տարածքի սրճարաններից մեկում շինղեկն անձամբ է ցույց տվել էսքիզային նախագիծը, պնդելով, որ հենց դա է շինթույլտվությունը:

Քաղաքապետարանից էլ հավաստիացրին, որ միայն էսքիզային նախագիծ են հատկացրել՝ սալիկները նորոգելու համար:

Ակտիվիստները, մինչդեռ, մտավախություն ունեն, որ այս դեպքում էլ կրկնվում է Փակ շուկայի սցենարը: Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը հիշում է, որ կապույտ պատնեշով փակել ու կրկին էսքիզային նախագծի հիման վրա քանդում էին պատմամշակութային հուշարձանը:

«Այնտեղ էլ սեփականատերը՝ Սամվել Ալեքսանյանը, ուներ ընդամնեը էսքիզ: Փակ շուկան ստեղծեց սարսափելի վատ նախադեպ, երբ կարող է ամեն մեկը թղթի վրա նկարած ինչ-որ մի նախագծի, և ինչ-որ պաշտոնյայի հետ քննարկված ինչ-որ էսքիզի հիման վրա ուղղակի իրականացնի կառուցապատում», - ընդգծեց Սաֆարյանը:

Ավագանու անդամի խոսքով ամենավատն այն է, որ դրա վրա պատրաստ են աչք փակել ոչ միայն քաղաքային իշխանությունները, այլ նաև ոստիկանությունը: Համենայնդեպս, երբ «Ազատությունը» իրավապահներին ահազանգեց կենտրոնում շարունակվող այս շինարարության մասին, ոստիկանությունից պատասխանեցին, թե ամեն ինչ օրինական է: Ճարտարապետ Արսեն Կարապետյանն ասում է, որ օրինական ճանապարհով շինթույլտվություն ստանալու մեխանիզմները հստակ են, պարզապես որոշ դեպքերում դրանք սահուն շրջանցվում են:

«Նույնիսկ պաստառ դնելը խոտերի մեջ, փողոցում, իրականում շատ բարդ ու լուրջ գործընթաց է, և պահանջում է թույլտվությունների մի ամբողջ շարք: Սակայն նայած, թե ով է անում և ինչ է անում: Շատ պարզ պատասխան ունի էդ հարցը», - նշեց ճարտարապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG