Մատչելիության հղումներ

«Ավելի լավ է մնալ Ռուսաստանի լծի տակ». ՀՀԿ-ականի բացատրությունը


«Հայաստանը Ռուսաստանից պոկվել չի կարող», «Եթե «պետք է մնալ ինչ-որ մեկի տիրապետության տակ, ապա ավելի լավ է մնալ Ռուսատանի լծի տակ»։ Իշխող Հանրապետականի պատգամավորները հիմնականում այսպես էին բացատրում Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) կողմ լինելու իրենց որոշումը:

Հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանն անգամ հստակ չգիտեր միության անունը, որին Հայաստանը միանում է։ Նա Եվրասիական տնտեսական միությունը «Եվրանյուզի»՝ հայտնի եվրոպական հեռուստաընկերության հետ շփոթեց:

«Բայց խի՞ ենք կործանվում, որ միացանք Եվրասայուզ ա, Եվրանյուզ ա, չգիտեմ, Եվրազիա է... ինչի՞ համար ես կործանվում, ենթադրենք, երկու կիլո կալբաս էլ ավել կերար, ի՞նչդ ա փոխվելու»,- հարցրեց նա։

Գեներալի փոխանցմամբ՝ միայն այն հանգամանքը, որը Հայաստանի քաղաքացիները այսօր հանգիստ կարող են Ռուսաստան խոպան գնալ և այնտեղից նրանց չեն վտարի, արդեն մեծ ձեռքբերում է.- «Գիտես ինչքան հայ ունենք, որ էսօր Ռուսաստանում աշխատում ա։ Մենակ էն, որ վերցնում հետ են ուղարկում, դեպորտ են անում, էտի քիչ չի, որ մեր ժողովուրդը հանգիստ խղճով կարա էթա ընդեղ, փող աշխատի կամ միլիցեն չբռնի, ձեռից փող առնի, որ թողնի նորից աշխատի, էտի արդեն մեծ բան ա»,- ասաց Սարոյանը։

Հանրապետական մեկ այլ պատգամավոր Մհեր Սեդրակյանն ավելի անկեղծացավ և Եվրասիական տնտեսական միությանը միանալուն կողմ քվեարկելու իր որոշումը հետևյալ կերպ բացատրեց՝ ավելի լավ է Ռուսաստանի լծի տակ մնանք.- «Առանց ռուս ազգի մենք չենք կարա գոյատևել, դուք էլ եք հասկանում, հարցը ստից տալիս եք, ո՞նց կարանք, մեր ազգը սաղ կյանքը եղել ա ուրիշի լծի տակ, մենք սովոր ենք, որ մեր գլխին պետք ա մեկը լինի՝ պարսիկը, թուրքը, ռուսը... լա՞վ չի ռուսի իշխանության տակ լինենք»։

«Մենք որ իրանց հետ չեղանք, մեզ ուտելու են»,- կանխատեսեց Սեդրակյանը ու լրագրողներից մեկի հիշեցմանը, որ Հայաստանը անկախացել է 1991 թվականին, հակադարձեց.- «Մի փոքր հատված, բայց 91-ից հետո ի՞նչ կատարվեց, Ղարաբաղը հաղթեցինք, բայց ո՞վ պահեց, եթե ռուսը չլիներ ոնց էինք Ղարաբաղ պահում։ Մեր բանակը ռուսի օգնությամբ պահեց։ Եթե ռուսը չլիներ, մենք Ղարաբաղը ո՞նց էինք գրավելու»,- պարզաբանեց Սեդրակյանը։

«Ես չգիտեմ տնտեսականը, առաջին հերթին մեր ապահովության հարցն ա»,- ասաց Սեդրակյանը։

Հանրապետական խմբակցության մեկ այլ գործարար պատգմավոր Սամվել Ալեքսանյանն էլ է կողմ Եվրասիական տնտեսական միությանը։ Նա էլ մատնանշում է տնտեսական այն հնարավորությունները, որից կօգտվեն հայաստանցի գործարարները.- «Բիզնեսը ավելի է զարգանալու, մեր շուկան Ռուսաստանում ավելի մեծ է լինելու, հնարավորությունները շատանալու են»։

Թեև Սամվել Ալեքսանյանը Եվրասիական տնտեսական միությունից բիզնեսի զարգացման համար լուրջ ակնկալիքներ ունի, սակայն պնդում է՝ ոչ ինքը, և ոչ էլ իր կինը այլևս բիզնեսով չեն զբաղվում։

«Կինս էլ բիզնեսով չի զբաղվում, ֆսյո, պալիտիկայով ենք զբաղվում»,- ասաց Ալեքսանյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG