Մատչելիության հղումներ

Ակտիվիստներն այսօր էլ «դավաճան» կոչերով դիմավորեցին պատգամավորներին


ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և ակտիվիստների միջև լեզվակռիվ տեղի ունեցավ:

Այսօր Ազգային ժողովի պատգամավորները հիմնականում խուսափում էին շենք մտնել ծառայողական մուտքից, քանի որ արդեն 4-րդ օրն է, ինչ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ պայքարող ակտիվիստները նրանց դիմավորում էին «դավաճան» վանկարկումներով։ Իսկ նրանք, ովքեր, այդուամենյանիվ, շենք էին մտնում ակտիվիստների կողքով, ի տարբերություն նախորդ օրերի, խուսափում էին շփվել նրանց հետ։

Հայ ազգային կոնգրեսից Հրանտ Բագրատյանն էլ չհավանեց բողոքի ցույցի մասնակիցների հարցը․ - «Ինչի՞ ես էդ հարցը տալիս, չե՞ս լսել երեկ ինչ ենք խոսել»:

Ի տարբերություն գործընկերների, Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դանդաղ քայլերով և լայն ժպտալով մոտեցավ ցուցարարներին։ Հարցերին չպատասխանեց, ցանկանում էր շենք մտնել, բայց հետ եկավ, երբ լսեց, որ ցուցարարներն իրեն դիմեցին իր հայտնի մականվամբ: Ի պատասխան պատգամավորը անվայելուչ արտահայտություններ հնչեցրեց ցուցարարների հասցեին:

Ազգային ժողովի նիստի մեկնարկից մի քանի րոպե անց արդեն Սամվել Ալեքսանյանը դուրս եկավ խորհրդարանի շենքից․ այս անգամ ցուցարարները նրան այլ կերպ դիմավորեցին՝ «Ալեքսանյան բարերար» վանկարկումներով:

Դրանից հետո Ալեքսանյանի տրամադրությունը փոխվեց և նա սկսեց խոսել ցուցարարների հետ, ովքեր զգուշացրին, որ Եվրասիական միություն մտնելուց հետո պատգամավորը բիզնեսում մենաշնորհներ է կորցնելու: Ալեքսանյանն էլ պնդեց, թե մենաշնորհ չունի։ Քվեարկության ժամանակ «դեմ» կոճակը սեղմելու հորդորներին Ալեքսանյան արձագանքեց․ - «Բա առանց ռուսների ի՞նչ ենք անելու»:

Երեկոյան՝ ԵՏՄ-ի հարցով քվեարկությունից մեկ ժամ առաջ, խորհրդարանի մուտքի մոտ ցուցարարները կրկին «դավաճան» էին գոչում: «Բարգավաճ Հայաստանից» Գուրգեն Արսենյանը շենք մտնելուց առաջ սկսեց հաշվել ակցիայի մասնակիցներին՝ հեգնելով, թե նրանք շատ քիչ են։ Հանրապետական Աշոտ Աղաբաբյանի օգնականն էլ հարվածեց լրագրողներից մեկի տեսախցիկին, իսկ պատգամավորն էլ հայհոյեց ցուցարարներին։

Քվեարկությունից հետո

Արդեն քվեարկությունից հետո ակցիայի մասնակիցներից մեկը ընթերցեց արդյունքները, մասնակիցները ծափահարեցին հատուկենտ դեմ քվեարկողներին։ Քիչ անց խորհրդարանից դուրս եկավ դեմ քվեարկած պատգամավորներից մեկը՝ Զարուհի Փոստանջյանը, և ասաց, որ հրատապ գործողություններ են պետք՝ ազատ և անկախ Հայաստան ստեղծելու համար։

«Մեր երիտասարդ սերնդի առջև նորից մեր հայրենիքը ազատագրելու խնդիր է առաջացել», - ասաց Փոստանջյանը:

Դեմ քվեարկածներից Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց, որ քվեարկության արդյունքները իր համար անակնկալ չէին, իսկ բողոքի ցույցերը նրա կարծիքով պատգամավորների վրա գոնե հոգեբանական ազդեցություն ունեցել են։

«Եթե ինչ-որ մեկը փորձում է նսեմացնի թեկուզ 5 կամ 10 հոգու քաղաքացիական դիրքորոշումը, ես չեմ կիսում այդ կարծիքը», - ասաց ԱԺ պատգամավորը:

Քվեարկության արդյունքները անակնկալ չէին նաև Նիկոլ Փաշինյանի համար: Նա ցույցի մասնակիցներին խորհուրդ տվեց հպարտ լինել։

Քիչ անց խորհրդարանից դուրս եկան նաև կողմ քվեարկածները։ «Բարգավաճ Հայաստանից» Գուրգեն Արսենյանը ակցիայի մասնակիցներին խորհուրդ տվեց առօրյա կյանքով ապրել․ - «Էս խելագար մոտիվներին չեմ ցանկանում որևէ ձև անդրադառնալ»:

Արսենյանը փորձեց բացատրել, թե ինչու է կողմ քվեարկել: Բացատրությունները հնչում էին «դավաճան» և «ամոթ» վանկարկումների ներքո։

Արսենյանի հեռանալուց հետո նրա օգնականը հարկ համարեց վերադառնալ ու սկսեց հայհոյել ակցիայի մասնակիցներին։

XS
SM
MD
LG