Մատչելիության հղումներ

Գործարարներին պարզ չէ, թե ԵՏՄ մտնելուց հետո ինչ կանոններով են աշխատելու


«Ազատության» հետ զրույցում նրանք դժգոհեցին, որ իրենց հարցերին խորը պատասխաններ չեն տրվում։

Այսօր Ֆինանսների նախարարությունը մի քանի տասնյակ գործարարների հրավիրել էր քննարկման՝ ներկայացնելու, թե հիմնականում ինչ տարբերություններ կան ներկայումս գործող և հունվարի 1-ից ուժի մեջ մտնող մաքսային օրենսգրքերի միջև։

Պաշտոնյաները անգամ հատուկ պատկերաշար էին պատրաստել գործարարների համար: «Ազատության» հետ զրույցում, սակայն, նրանք դժգոհեցին, որ իրենց պարզապես տեքստ են ներկայացնում, իսկ հարցերին խորը պատասխաններ չեն տրվում։ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ասաց, որ գործարարների հարցերը շատ պրակտիկ են և իրենք այս հանդիպումներում փորձում են իրազեկել նրանց։

«Ժամկետները սուղ են, ծավալը մեծ է աշխատանքի, դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր գործարարները իրազեկված լինեն», - նշեց ֆինանսների փոխնախարարը:

Մի քանի գործարարներ, հրաժարվելով հարցազրույցից, ասացին, որ իրենց կարծիքով այս հանդիպումները անիմաստ են, քանի որ փորձից ելնելով՝ մի բան է, երբ օրենքով գրված է, և մեկ այլ բան, թե դրանք ինչպես կաշխատեն գործնականում։ Նրանց համար ամեն ինչ պարզ կլինի նոր օրենսգրքով աշխատելուց հետո։

Այսօր քննարկման ժամանակ գործարարների հարցերին Վախթանգ Միրումյանի պատասխաններից պարզվեց նաև, որ դեռ մի շարք օրենսդրական կարգավորումներ չեն արվել, այն դեպքում, երբ արդեն 1 ամսից գործարարները պետք է նոր կարգով աշխատեն։

Նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո վնասներ են ակնկալում հատկապես եվրոպական երկրներից ապրանքներ ներկրողները։ Մաքսատուրքերը բարձրանալու են, ինչի արդյունքում կբարձրանան նաև ապրանքների գները, գործարարներն էլ կանխատեսում են, որ ավելի քիչ ապրանքներ կկարողանան վաճառել։

Սա կազդի նաև բեռնափոխադրումների ոլորտի վրա։ «Սաթի» բեռնառաքման ընկերության տնօրեն Մակար Առաքելյանն «Ազատությանն» ասաց, որ հիմա մեծամասամբ Եվրոպայից են բեռներ փոխադրում, մինչդեռ ակնկալվում է, որ միություն մտնելուց հետո պատվերները մեծամասամբ եվրասիական երկրներից կլինեն, մինչդեռ այստեղ մեծ խնդիր կա․ Առաքելյանի խոսքով՝ եվրասիականի հետ աշխատելու հուսալի ճանապարհ չունեն։

«Էսօր մենք ունենք ԵՏՄ-ի հետ ապրանքների շրջանառության լուրջ խնդիր, որովհետև ճանապարհ չունենք, միայն վերին Լարսն է, որը եղանակի հետ կապված հաճախակի խնդիրների է առաջացնում: Օրինակ այսօր, այս պահին, վերջին ձյուների հետ կապված, օրերով մեքենաները կանգնում են», - նշեց Առաքելյանը:

Գործարարները ֆինանսների փոխնախարարին տասնյակ հարցեր ուղղեցին: Վախթանգ Միրումյանը խոստացավ առաջիկայում ըստ ոլորտների քննարկումներ կազմակերպել։

Եվրասիական միությունից դուրս աշխատող գործարարներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ կսպասեն, մինչև նոր միությունը գործնականում սկսի աշխատել: Եթե իրենց վնասները մեծ լինեն, չի բացառվում, որ բողոքի ցույցեր անցկացնեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG