Մատչելիության հղումներ

Հայաստանը կարևորում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի նոր առաքելությանը


Երեքշաբթի Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը նվիրված էր Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» կոչվող առաքելությանը, մասնակցեց նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը իր ելույթում վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին` կարևորելով Հայաստանի ներդրումն այս գործընթացին:

ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենք կարևորում են Աֆղանստանի խաղաղապահ գործընթացին Հայաստանի ներգրավվածությունը` որպես Հայաստանի միջազգային պարտավորություններից մեկը:

Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին՝ Եդիգարյանն ասաց՝ ՆԱՏՕ-ն Հայաստանի միջազգային գործընկերն է՝ պաշտպանական և ներքին բարեփոխումներ իրականացնելու բնագավառներում։

Մի քանի շաբաթից Աֆղանստանի անվտանգության աջակցության ուժերի գործողությունը կավարտվի, և կսկսվի Հայաստանի ներգրավվածությունը նոր` «Վճռական աջակցություն» առաքելությանը: Հյուսիսատլանտյան դաշինքում հայաստանյան առաքելության ղեկավարը նշում է՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից առաջ այդ ուղղությամբ աշխատում էր ՀԱՊԿ-ի հետ:

«Եվ այնտեղ աշխատանքները սկսվել էին ավելի վաղ, քան մենք սկսեցինք մասնակցել ՆԱՏՕ-ի գործողություններին։ Այսինքն այստեղ մեր կողմից ցուցաբերվում է ավելի համալիր մոտեցում այդ խնդիրներին, իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարը նորից շեշտեց իր ելույթում, որ մենք ցանկանում ենք Աֆղանստանը տեսնել որպես կայուն, խաղաղ երկիր, որը մտահոգության աղբյուր չի լինի ինչպես իր անմիջական հարևանների, այլ տարածաշրջանի համար, բայց կդառնա դրական փոփոխության շարժիչ ուժ»,- ասաց Եդիգարյանը։

Ամիսներ առաջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որի անդամ է Հայաստանը, հայտարարել էր, որ իրենք առայժմ դադարեցնում են ՆԱՏՕ-ի հետ համատեղ գործունեություն ծավալելու նպատակով կապերի հաստատման ուղղությամբ բոլոր ջանքերը՝ հաշվի առնելով այն դիրքորոշումը, որն այսօր՝ ուկրաինական ճգնաժամի ընթացքում, որդեգրել է ՆԱՏՕ-ն:

ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարին հարցրինք՝ արդյոք աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով ՆԱՏՕ-ում Հայաստանի աշխատանքները չեն խոչնդոտվո՞ւմ։

«Մենք շարունակում ենք անել, ինչ-որ պետք է անենք, այսինքն մի մեծ միջազգային կոալցիա ենք, որը բաղկացած է 40-ից ավելի երկրներից ու որը ղեկավարում է ՆԱՏՕ-ի կողմից, բայց այն ունի կոնկրետ նպատակ՝ աջակցելու աֆղանական պետությանը և աֆղան ժողովրդին»,- ասաց Եդիգարյանը։

XS
SM
MD
LG