Մատչելիության հղումներ

Փոխվարչապետը դրամի արժեզրկման հետևանքով գնաճի ռիսկեր չի տեսնում


Կառավարությունը վստահեցնում է, որ տարադրամի նկատմամբ դրամի արժեզրկման արդյունքում քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար «զգայուն փոփոխություններ» տեղի չեն ունեցել:

Կառավարությունում այսօր տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, թե այժմ ստեղծված «անվերահսկելի արժեզրկման» պայմաններում Կառավարությունն ի՞նչ է անելու, որ նոր տարվա շեմին «ահավոր թանկացումներ» չլինեն, Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը խորհուրդ տվեց նայել գնաճի ցուցանիշներին:

«Մինչև այժմ մենք ունեցել ենք 1.5 տոկոսի գնաճ: Եթե բոլոր հնարավոր թանկացումները եղած մակարդակով պայմանավորելով մենք շարունակենք, ես վստահեցնում եմ ձեզ՝ կլինի 4 տոկոսի շրջանակներում և կլինի, ըստ էության, նախանշված, պլանավորված գնաճի չափ», - ասաց փոխվարչապետը՝ հավելելով․ - «Եվ եթե Ձեզ թվում է, որ հնարավոր է փոխարժեքը սահուն արժեզրկել և դրա հետ միաժամանակ գնաճ չունենալ՝ դա էլ չի լինելու: Այսինքն, պլանավորած գնաճի ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների համար, ընդհանուր առմամբ, զգայուն փոփոխություններ տեղի չեն ունեցել»:

«Օրինաց երկիր» խմբակցությունից Մհեր Շահգելդյանի ճշտող հարցին, թե հաշվի առնելով այն փաստը, որ դրամի արժեզրկումը «սոցիալական լուրջ անհանգստություն է առաջացնում և գտնվում է մեր հանրության, հասարակության ուշադրության կենտրոնում», ինչպիսի՞ հրատապ միջոցառումների անհրաժեշտություն կա այս խնդրի լուծման համար, ի՞նչ է նախատեսում կառավարությունը այս ուղղությամբ, Վաչե Գաբրիելյանը արձագանքեց․ - «Կառավարության տեսակետից կարևոր է, որպեսզի գնաճը սահմաններում լինի և չափազանց բարձր չլինի: Մասնավորապես, ես նշեցի, որ մենք այս պահին ունենք 1.5 տոկոս: Եթե դա ավելանալու է, ապա ընդհանուր գնաճի մակարդակը 4 տոկոսից ավելի իր տատանումների միջակայքով չի ավելանալու: Ինչ վերաբերում է առանձին ապրանքների կատեգորիաներին, ապա դրա համար կան մարմիններ, որոնք հետևում են, որպեսզի գների չարաշահում տեղի չունենա: Տնտեսական մրցակցության հանձնաժողովը և կառավարությունը ևս մոնիտորինգ է անում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG