Մատչելիության հղումներ

Վանաձորում դպրոցականների դանակահարության գործով կասկածյալը ձերբակալվել է


Երեկ Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի առաջնային ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Վանաձորի բնակիչ 17-ամյա Տիգրան Գևորգյանը: Նույն օրը նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գոտկային շրջանի կտրած վերքով բուժօգնության է դիմել նաև Վանաձորի մեկ այլ բնակիչ 17-ամյա Ռոբերտ Պետրոսյանը:

Պարզվել է, որ երեկ անչափահաս Ն.Ադամյանը Վանաձորի թիվ 24 դպրոցի ետնամասում վիճաբանության մեջ է մտել նույն դպրոցի 4 աշակերտների հետ՝ վերջիններիս կողմից նույն դպրոցում սովորող իր քրոջը պարբերաբար վիրավորելու հարցի շուրջ, որի ընթացքում դանակով հարվածել է նրանցից երկուսին՝ Տ.Գևորգյանին, ապա Ռ.Պետրոսյանին, և դիմել փախուստի:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ երեկ ավելի ուշ, 17-ամյա Ադամյանը ներկայացել է մեղայականով և ձերբակալվել է:

Դեպքի առթիվ 2014 թվականի դեկտեմբերի 2-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG