Մատչելիության հղումներ

Մատչելիությունը՝ չիրականացվող խոստում. Հաշմանդամություն ունեցող անձինք դեռ սպասում են


Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։

25-ամյա Աննան տեղաշարժվում է միայն քայլակի օգնությամբ, սակայն դա չի խոչընդոտել, որ կրթություն ստանա հաշմանդամների համար որևէ հարմարություն չունեցող դպրոցում, այնուհետև ընդունվի և ավարտի Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Նա «Ազատության» հետ զրույցում ասում է, որ դժվարությունների բախվում է ամեն օր, սկսած իրենց տան մուտքից. - «Սովորելու առումով մամայի հետ էինք գնում տաքսիով, հետո՝ ներսում ընկերներս ինձ տեղափոխում էին։ Իսկ քայլակը չէի տանում, որովհետև այնտեղ քայլակով քայլելը մի առանձին խնդիր էր՝ սկսած սալիկներից, որոնք սահող էին և վտանգավոր, վերջացրած բարձր աստիճաններով»։

Դժվարությամբ տեղաշարժվող աղջկան, սակայն, այս խոչընդոտներն անգամ չեն կանգնեցնում. այժմ աշխատանք է փնտրում, պատրաստ է աշխատել, եթե անգամ աշխատատեղը իրեն որևէ կերպ հարմարեցված չլինի:

Քաղաքապետարանի կողմից կառուցված թեքահարթակներն Աննային, ոչ միայն հարմար չեն, այլև շատ հաճախ աստիճաններից ավելի վտանգավոր են։ Իր նման հազարավոր հաշմանդամներին պետության տված, բայց այդպես էլ չիրականացրած խոստումների մասին Աննան խոսում է արդեն որպես իրավաբան:

«ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության կոնվենցիան վավերացված է Հայաստանի կողմից։ Երբ նայում ենք այդ կոնվենցիան և երբ նայում ենք ինչպես է կյանքի կոչվում, մարդու լաց է գալիս։ Պոլիկլինիկան անգամ թեքահարթակ չունի», - ասում է Աննան։

Ի դեպ, Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մրթարջյանը խոստացել էր մինչև նոյեմբերի կեսը հաշմանդամների համար հարմարեցնել գոնե 10 ավտոբուս, նոյեմբերն անցել է, դրանք դեռևս պատրաստ չեն։

«Հույսի կամուրջ» կազմակերպության ներկայացուցիչ Զարուհի Բաթոյանը ավտոբուսի հարմարեցման խոստումները լսում է մի քանի տարի շարունակ, սակայն դրանք այդպես էլ կյանքի չեն կոչվում:

«Շատ ավելի ճիշտ է արդեն հարմարեցված ավտոբուսներ ներկրելը, որի համար գումարներ պե՛տք է տրամադրի մեր պետությունը, դա կլինի քաղաքապետարանը, կլինեն այլ կառույցներ, կլինեն բարերարներ, ում կներգրավի քաղաքապետարանը կամ մարզերը, որովհետև միայն Երևանը չէ։ Մենք պետք է մի օր ուղղակի որոշենք և ավելի մեծ ծավալներով այդ ծրագրերը փորձենք լուծել, ավելի մեծ գումարներ հատկացնենք և ավելի մեծ կարևորություն տանք», - ասում է Բաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անուշ Մարգարյանը ասում է, որ ոչ միայն մասնավոր ընկերությունների, այլև պետության կողմից կառուցվող շենքերի դեպքում անտեսվում են հաշմանդամների շահերը՝ չնայած օրենքի պահանջներին: Իրավապաշտպանը փաստում է՝ նույնիսկ նորակառույց դպրոցներում որևէ հարմարություն այս մարդկանց համար չի ստեղծվում:

«Օրինակ, 174 դպրոցը՝ Երևանի, որը որ կառուցվել էր շինարարական նորմերի խախտմամբ։ Այնտեղ առկա էին թեքահարթակներ, սակայն հարմարեցված չէին, օրինակ, դռները, սանհանգույցները, բացակայում էր վերելակ, որը անհրաժեշտ է հաշմանդամություն ունեցող երեխային, որպեսզի նա լիարժեք կրթություն կարողանա ստանա դպրոցում», - ասում է Մարգարյանը։

Չնայած դժվարություններին՝ ստեղծագործելու և աշխատելու ոչ պակաս ներուժ ունեցող այս մարդիկ ընդամենը պայմաններ ու հնարավորություններ են պահանջում՝ պետությունից նպաստ ստանալու փոխարեն հարկատու դառնալու համար:

XS
SM
MD
LG