Մատչելիության հղումներ

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը տնտեսության անկում է կանխատեսում


ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը տնտեսության անկում է կանխատեսում
please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00

Երեքշաբթի երեկոյան հոռետեսական կանխատեսումներով է հանդես եկել Ռուսաստանի տնտեսության զարգացման նախարարությունը։

Նախարարությունը զգուշացրել է, որ երկու տարի լճացումից հետո երկրի տնտեսությունը լուրջ անկում է ապրելու և այդ անկումն արդեն սկսվել է։ Առաջիկայում սպասվում է կենսամակարդակի նվազում՝ գնաճի և արժեզրկվող ռուբլու ֆոնին։ Եթե նախկինում նախարարությունը ենթադրում էր, որ Ռուսաստանի տնտեսությունը 2015-ին կաճի 1.2 տոկոսով, ապա այսօր կանխատեսումները չափազանց հոռետեսական են։ Մասնագետները նկատում են, որ եկող տարի Ռուսաստանի տնտեսությունը կգրանցի բացասական դինամիկա՝ անկումը 1.8 տոկոս կլինի։

Հիմնական պատճառը նավթի գնի անկումն ու արևմտյան պատժամիջոցներն են։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տնտեսության զարգացման փոխնախարարը Ալեքսեյ Վեդևը։ Փոխնախարարն ասել է՝ սա նշանակում է, որ արևմտյան ֆինանսական շուկան փակ է ռուսաստանյան ընկերությունների և բանկերի համար, իսկ ներդրողների համար իրավիճակը Ռուսաստանում կարելի է բնորոշել երկու բառով՝ անորոշություն և անապահովություն։

Ընդ որում դեռ սեպտեմբերին նախարարությունը համարում էր, որ նավթի գնի անկումը ժամանակավոր բնույթ է կրում, իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվերանայվեն 2015-ին։

Այսօր սակայն նախարարությունն իր կանխատեսումները փոխել է և ենթադրում է, որ եկող տարի էլ դոլարը կարժենա 49 ռուբլի, նավթի գինն էլ կմնա այսօրվա մակարդակին, գնաճը կլինի բարձր, իսկ Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կշարունակվի։

Պաշտոնական կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում կապիտալի հոսքը Ռուսաստանից կազմելու է 120 միլիարդ դոլար, իսկ եկող տարի 90 միլիարդ դոլարի սահմանում է լինելու։ Պետական պատվերների շնորհիվ, Վեդևի կարծիքով, հնարավոր կլինի փոքր ինչ փրկել իրավիճակը, ընդ որում փոխնախարարը ասում է, որ տնտեսության անկումը պետք չէ ամբողջովին կապել միայն նավթի գների անկման և պատժամիջոցների հետ։

«Տնտեսության լճացումը նկատվում էր արդեն 2012 թվականից սկսած, և սա կապված է ներքին խնդիրների հետ»,- ասել է տնտեսության զարգացման փոխնախարարը։

Փորձագետները ավելի հոռետեսական գնահատականներ ունեն Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ։ «Բլումբերգ»-ը փաստում է, որ նավթը հուլիսից էժանացել է 40 տոկոսով, նույն չափով էլ էժանացել է ռուբլին, իսկ գնաճը մինչև տարվա վերջ կարող է կազմել 10 տոկոս։ Աշխատավարձերն էլ կնվազեն 20 տոկոսով, մինչդեռ նախքան սա Ռուսաստանում աշխատավարձերը տարեցտարի աճում էին։ Կավելանա նաև աղքատների թիվը՝ առաջին անգամ վերջին չորս տարիների ընթացքում։

Ռուսաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Միխայիլ Կասյանովը համոզված է, որ Ռուսաստանի տնտեսությունը լուրջ անկում է ապրում։

«Նույնիսկ ռուսաստանցի փորձագետներն են ակնկալում շուրջ 2 տոկոսանոց անկում»,- ասում է Կասյանովը.- «Եվ այստեղ կարևորը ոչ թե պատժամիջոցներն են, ոչ թե Ղրիմը ու նավթի գնանկումը, իրական պատճառը այն է, որ Ռուսաստանը վերջին տասը տարիներին որևէ տնտեսական բարեփոխում չի իրականացրել։ Իսկ նավթի գներն ու պատժամիջոցները անխուսափելի անկումը պարզապես արագացրել են»։

«Պարզ է, որ եթե մի երկրի տնտեսության եկամուտի աղբյուրը միայն նավթն ու գազն են, ուշ թե շուտ անկում է լինելու»,- հավելեց նախկին վարչապետը։

Կասյանովի կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները դեռ կդիմանան եկող տարի, սակայն հետո Պուտինը չի կարողանա իր խոստացած սոցիալական պարտավորությունները կատարել.- «Հետո Պուտինը ստիպված է լինելու գնալ լուրջ քայլերի, այդ թվում նաև ստիպված լինելու կարգավորել հարաբերությունները Արևմուտքի հետ»։

Դեկտեմբերի 4-ին Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձով հանդես կգա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փորձագետները ակնկալում են, որ Պուտինը տնտեսական կոլապսից խուսափելու համար տնտեսության կտրուկ լիբերալիզացիայի մասին է հայտարարելու։

Սակայն անկախ փորձագետները մտահոգություն ունեն, որ երկրում սկսվելու են խորհրդային շրջանին բնորոշ ռեպրեսիաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG