Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Ռուսական գազի գնի նվազեցումը ընդամենը 6 տոկոսով բավարար չէ»


Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու, արխիվ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու, արխիվ

«Գազպրոմ»-ին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ թուրքական կողմի պատկերացմամբ` փոխզիջումը գազի գնի նվազեցումն է միանգամից 15 տոկոսով:

«Թուրքիա մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցումը ընդամենը 6 տոկոսով բավարար չէ», - մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Անկարայում երկուշաբթի օրն արված հայտարարությունները, պնդում է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Այդ մասին թուրքական կառավարության ղեկավարը հայտարարեց երեկ` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ամենշաբաթյա նիստի ժամանակ:

«Արդեն տեղյակ եք, որ Ռուսաստանը որոշեց 6 տոկոսով նվազեցնել Թուրքիա մատակարարվող բնական գազի գինը: Այդ մասին հայտարարեց պարոն Պուտինը [Անկարայում կայացած] մամուլի ասուլիսի ժամանակ: Այդ ասուլիսից անմիջապես հետո մենք դիմեցինք նրան` ասելով, որ գնի նման իջեցումը նշանակալի չէ: Բանակցությունները այս խնդրի շուրջ դեռ շարունակվելու են», - ասաց Դավութօղլուն` հույս հայտնելով, սակայն, որ Մոսկվան ու Անկարան կկարողանան պահպանել տնտեսական հարաբերությունների զարգացման վերջին տարիներին նկատվող դրական դինամիկան:

«Որևէ մեկը չէր էլ կարող կանխատեսել, որ Թուրքիան և Ռուսաստանը շատ կարճ ժամանակահատվածում կկարողանան զարգացնել հարաբերությունները` հասցնելով ներկա մակարդակին: Մեր երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը հասել է տարեկան 32 միլիարդ դոլարի ցուցանիշին: Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում մենք ապագային վերաբերող մի շարք այլ կարևոր որոշումներ ենք կայացրել», - հայտարարեց Դավութօղլուն:

Թուրքական կողմը, սակայն, չի թաքցնում, որ ամենակարևոր որոշումը` գազի վերջնական գնի հստակեցումը, դեռ չի կայացվել:

Ահմեթ Դավութօղլուի հայտարարություններին զուգահեռ՝ Մոսկվայից անհամեմատ ավելի մեծ սպասելիքների մասին խոսեց թուրք - ռուսական բանակցությունների առանցքային մասնակիցներից մեկը` Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարում էր. - «Ռուսաստանի կողմից գազի գնի նվազեցումը, իհարկե, դրական քայլ է, դա է՛լ ավելի է ամրապնդում մեր հարաբերությունները, սակայն մենք շատ ավելի մեծ զեղչ էինք ակնկալում ռուսական գազի դիմաց: Կարող եմ ասել, որ գազի գնի շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա»։ Թուրք նախարարը հավելեց, թե առաջիկայում թուրքական BOTAS և ռուսական «Գազպրոմ» ընկերությունները կշարունակեն բանակցությունները:

Ռուսական «Գազպրոմ»-ին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ թուրքական կողմի պատկերացմամբ` փոխզիջումը գազի գնի նվազեցումն է ոչ թե 6, այլ միանգամից 15 տոկոսով:

Ի դեպ, Անկարայում հնչող դժգոհությունների ևս մեկ պատճառը ռուսական գազի մատակարարումների ոչ բավարար ծավալներն են:

«Այսօր այսպես կոչված «Արևմտյան ուղի» խողովակաշարը իր հզորությունների կեսն է օգտագործում», - հայտարարեց Թաներ Յըլդըզը` հիշեցնելով, որ ձմռան ամիսներին Թուրքիան օրական մոտ 190 միլիոն խորանարդ մետր գազ է ծախսում:

Անկարայում նկատում են, որ գազի մատակարարման արևմտյան ուղու կիսասառեցված վիճակը քաղաքական դրդապատճառներ ունի. խողովակաշարերից այդ մեկն անցնում է Ուկրաինայի տարածքով: Մյուս երկու խողովակաշարերը, որոնցով իրականացվում է գազի մատակարարումը, Սև ծովի հատակով անցնող «Երկնագույն հոսք»-ն է և Տրանսբալկանյան գազատարը:

Այս պահին առավելագույն զիջումը, որին պատրաստ է գնալ «Գազպրոմ»-ը, գազի մատակարարումների ծավալի ավելացումն է 3 միլիարդ խորանարդ մետրով: Այդ քայլին ռուսական կողմը պատրաստ է գնալ արդեն 2015 թվականի հունվարի 1-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG