Մատչելիության հղումներ

ԵՏՄ պայմանագրի քննարկումը շարունակվեց. Կիզակետում ՀՀ անկախության հարցն էր


Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ ԵՏՄ-ն ոչ թե տնտեսական, այլ քաղաքական մտահղացում է՝ «ԽՍՀՄ-ի ռեինկարնացիա»։

Այսօր Ազգային ժողովում պատմական ակնարկների պակաս չզգացվեց։ Պատգամավորներն իրենց ճշմարտացիությունն ապացուցելու համար նաև աշխարհագրության, քաղաքագիտության, տնտեսագիտության և սոցիոլոգիայի օգնությանը դիմեցին։

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցությանը թե դեմ, թե կողմ արտահայտվողները մտքափոխ չեղան։ Քննարկումը թեժ էր, որակումները՝ հաճախ կոշտ և էմոցիոնալ։

Ալեքսանդր Արզումանյանը համոզված էր՝ ԵՏՄ-ն ԽՍՀՄ-ի ռեինկարնացիայի փորձ է։ Հայաստանի նախկին արտգործնախարարի համար մերժելի է Հռոմի պապից ավելի կաթոլիկ ձևանալով Ռուսաստանի տնտեսության վերելք նկարագրելը։

«Սին են այն բոլոր հայտարարությունները, որ մեզ տնտեսական, էներգետիկ անվտանգություն [է ապահովում]... ի՞նչ էներգետիկ անվտանգություն, եթե էներգետիկ համակարգի 100 տոկոսը տրվել է մեկ երկրին։ Ի՞նչ տնտեսական անվտանգություն, երբ երկիրը սանկցիաների տակ ճկռում է։ Ի՞նչ բիզնեսի համար լավ մթնոլորտ, երբ գահավիժում է ռուբլին՝ հետը տանելով դրամը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Թե Արզումանյանը, թե Նիկոլ Փաշինյանը կարծում են, որ ԵՏՄ-ն լրջագույն վտանգի տակ է դնում Հայաստանի անկախությունը։

«ԵՏՄ-ին անդամակցելով Հայաստանը կորցնում է իր ռազմավարական հեռանկարներն ու մոտիվացիաները՝ դառնալով ԵՏՄ-ի մի խղճուկ տնվոր»,- հայտարարեց Փաշինյանը։

ԵՏՄ-ն նաև Թևան Պողոսյանի երազանքը չէ։ «Ժառանգության» պատգամավորը հույս հայտնեց, որ հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագիրը կարժանանա հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին։

«Այս պայմանագիրը մեր վզին փաթաթել են»,- պնդեց պատգամավորը։

Խաչատուր Քոքոբելյանն ասաց՝ ռազմական անվտանգության խնդիր Ռուսաստանը Հայաստանի համար երբեք չի լուծի, հիշեցրեց այս տարվա օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանի լարվածություն ու ռազմական ուղղաթիռի կործանումը։ Քոքոբելյանը անդրադարձավ նաև տնտեսական անվտանգությանը։

«Պայմանագրում նշված է, որ հինգ տարի, չորս տարի, երկու տարի ինչ-որ բաներ չեն թանկանալու։ Բայց ԵՏՄ չգնալու դեպքում ընդհանրապես չեն թանկանա»,- ընդգծեց նա։

Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը զայրացած էր՝ «ինչպե՞ս չեք հասկանում՝ Ռուսաստանի անվտանգությունը խաթարելու հարց է դրված»։

«Հայաստանը չի կարող դառնալ այն պետությունը, որը իր վարքով, իր բարքով, իր մոտեցումով կարող է նպաստել Ռուսաստանի կազմաքանդմանը»,- ասաց Հարությունյանը։

Թերևս թարգմանության դժվարություններից խուսափելու համար Արտաշես Գեղամյանը տեղ-տեղ իր խոսքը ռուսերենով էր համեմում։ ԵՏՄ-ին ինտեգրվելը Գեղամյանը եզակի ճիշտ քայլ է համարում։ Այսպես մենք հետ չենք մնա Մոսկվայի համար այս ծանր օրերին նրա հետ համագործակցել ցանկացողներից, կարծում է նա։

«Այստեղ, որ Ռուսաստանի լացն են լացում, լավ էդ միլիարդուկես չինացիները իրենց ղերավարներով էդքան խե՞լք չունեն, հնդիկները խելք չունեն, Բրազիլիայի ղեկավարները չունեն, որ հենց Ռուսաստանի հետ են կնքում տնտեսական դաշինք՝ այն էլ, այո՛, հենց էս ժամանակ»,- ասաց Գեղամյանը։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կանխատեսեց անդամակցելու դեպքում կորուստները օգուտներից շատ են լինելու։ Բագրատյանն անչափ դժգոհ էր պայմանագրին նախորդած բանակցություններից։

«Ինչ է՝ չի կարելի ռուսներին «չէ» ասել։ Հիմա ասեմ՝ ես վեր կացա ասացի՝ մենք Մաքսային միություն [պայմանագիրը] չենք ստորագրում, մենք տուժում ենք, փոխհատուցեք մեզ։ Նորմալ բացատրեցինք, մարդիկ հասկացանք, դա 94 թիվն էր։ Եվ դրանից հետո շարունակեցինք ու հաղթեցինք պատերազմը։ Իսկ դուք ի՞նչ եք ասում... ասում եք՝ եթե մենք հիմա չմիանանք, մեզնից կնեղանան, կընկնենք թուրքերի, ադրբեջանցիների ձեռը, կկորցնենք պետականությունը, դրա համար գնանք ստորագրենք, ստեղ կորցնեք պետականությունը։ Հենց այդպես եք մտածում։ Նման մտածելակերպով դուրս եկեք կառավարությունից, իշխանությունից, տվեք մեզ։ Եթե դուք գնում եք ռուսների հետ բանակցության, ինձանից ձեզ խորհուրդ՝ եթե ռուսի հետ նստում ես բանակցելու, դու պիտի մի բան ավելի իմանաս, քան նա»,- բորբոքված ասաց Բագրատյանը։

Այսօր երեկվա և նախորդ օրվա նման լուռ էր «Բարգավաճ Հայաստանը» Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցության պատգամավորներն ԵՏՄ-ին առնչվող ոչ հարցեր ունեին, ոչ ելույթներ։

XS
SM
MD
LG