Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի խորհրդարանը կթաքցնի ճշմարտությունը, եթե խափանի Ցեղասպանության օրինագիծը


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Անցյալ շաբաթ թուրք պատգամավորն առաջարկ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան՝ դատապարտելու համար Հայոց ցեղասպանությունը, մի շարք այլ վայրագություններ և պետական ահաբեկչության դրվագներ:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Սեբահաթ Թունջելն այս փաստաթղթով պահանջում է, որ նախագահ Էրդողանը ճանաչի և ներողություն խնդրի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության, Դերսիմի, Մարաշի, Սիվասի և Չորումի ջարդերի, 1980 թվականի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետո զանգվածային կախաղանների, ինչպես նաև պետական տեռորի հետևանքով մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների համար:

Առաջարկվող բանաձևը նաև պահանջում է, որ Թուրքիայի նախագահն այցելի զանգվածային կոտորածների վայրերից մեկը, հրապարակավ կրկնի ներողությունը և ապրիլի 24-ը հայտարարի պաշտոնական սգո օր: Մեկ տարվա ընթացքում խորհրդարանը պետք է ձևավորի Ճշմարտության հանձնաժողով և հրապարակի այս ոճրագործությունների վերաբերյալ պետական արխիվներում պահվող բոլոր փաստաթղթերը: Բացի այդ, բարոյական և նյութական փոխհատուցում պետք է տրամադրվի զոհերի ժառանգներին:

Սպասելի է, որ Թուրքիայի խորհրդարանը կմերժի այս առաջարկի քննարկումը: Ամենայն հավանականությամբ, Թունջելի իրական նպատակը Հայոց ցեղասպանության և մյուս զանգվածային ջարդերի հարցը բարձրացնելն է խորհրդարանում՝ անկախ արդյունքից: Նման օրինագծի լոկ ներկայացումն իսկ ազգային իրարանցում կառաջացնի խորհրդարանի ներսում, լրատվամիջոցների և թուրք ժխտողականների շրջանակներում: Թունջելը պետք է գիտակցի, որ կարող է զրկվել իր պատգամավորական անձեռնմխելիությունից և մեղադրվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով արգելված թեմաներ բարձրացնելու համար:

Ողջունելով Թունջելի համարձակ և հանդուգն առաջարկը՝ հայերը, թուրքերը, քրդերը և ուրիշները չպետք է մոռանան, որ Թուրքիայում առաջին անգամ չէ, որ բարձրացվում է հայերի տեղահանության և ջարդերի հարցը: 1918 թվականի նոյեմբերի 4-ին, երիտթուրքերի վարչակարգի անկումից անմիջապես հետո և նախքան Քեմալ Աթաթուրքի կողմից 1923 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը, Օսմանյան խորհրդարանում առաջարկ ներկայացվեց «Միություն և առաջադիմություն» կոմիտեի գործած ոճիրների վերաբերյալ. - «Բնակչության մեկ միլիոնին, որոնց միակ մեղքը հայ ազգին պատկանելն էր, կոտորեցին և բնաջնջեցին, այդ թվում՝ նույնիսկ կանանց և երեխաներին»: Այն ժամանակվա ներքին գործերի նախարար Ֆեթհի բեյը պատասխանեց խորհրդարանին՝ ասելով, որ «Կառավարության մտադրությունն է՝ դարմանել մինչ օրս կատարված յուրաքանչյուր անարդարություն, որքանով որ միջոցները հնարավորություն կտան, վերադարձնել իրենց տները նրանց, ում աքսորել են, և հնարավորինս փոխհատուցել նրանց կրած նյութական վնասները»:

Խորհրդարանական քննչական կոմիտեն անցավ համապատասխան փաստաթղթերի հավաքմանը, որոնք նկարագրում էին հայ ժողովրդի զանգվածային ջարդերի համար պատասխանատու անձանց գործողությունները, և դրանք հանձնեց Թուրքիայի ռազմական դատարան: «Միություն և առաջադիմություն» կոմիտեի պարագլուխները մեղավոր ճանաչվեցին հայ ժողովրդի կոտորածի համար և կախաղան հանվեցին կամ դատապարտվեցին երկարատև բանտարկության: Ռազմական դատարանը Գերմանիայից պահանջեց Թուրքիա վերադարձնել ջարդերի գլխավոր կազմակերպիչներին, որոնք փախել էին երկրից: Գերմանիայի մերժումից հետո նրանց հեռակա կարգով դատեցին և մահվան դատապարտեցին:

Իր առաջարկը պատմական և իրավական նախադեպերով հիմնավորելու համար, Թունջելը պետք է Թուրքիայի խորհրդարան ներկայացնի 1918 թվականի խորհրդարանական առաջարկը և քննարկումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որն այն ժամանակ կոչվում էր «հայկական տեղահանություններ և ջարդեր»: Նա պետք է նաև ներկայացնի Թուրքիայի ռազմական դատարանների կողմից ընդունված մեղադրական վճիռների պատճենները: Վերջապես, Թունջելը պետք է խորհրդարանին հիշեցնի Քեմալ Աթաթուրքի պատմական խոստովանությունը, որ նա արել է «Լոս Անջելես էգզամիներ» թերթում 1926 թվականի օգոստոսի 1-ին հրապարակված հարցազրույցում. - «Երիտթուրքերի կուսակցության այս մնացորդները պետք է պատասխան տան մեր մի քանի միլիոն քրիստոնյա հպատակների համար, որոնց դաժանորեն արտաքսեցին իրենց հայրենի օջախներից և կոտորեցին»: Կհամարձակվի՞ արդյոք որևէ թուրք պատգամավոր ստախոս անվանել արդի Թուրքիայի հիմնադրին:

Եթե Թուրքիայի խորհրդարանը խափանի Թունջելի օրինագիծը և կանխի դրա քննարկումը, ապա կբացահայտի Էրդողանի կառավարության՝ ճշմարտությանը դիմակայելու սարսափը և իր նախորդների մեղավորության քողարկումը ... Անկախ վերջնական արդյունքից՝ այս առաջարկն անսպասելի դրական զարգացում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին և որոշակի մխիթարություն է բերում թուրքական այլ վայրագությունների զոհերի ժառանգներին:

Թունջելի առաջարկի ներկայացումը Թուրքիայի խորհրդարանում համընկավ Բոլիվիայի Սենատի և խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման հետ: Հատկանշական է, որ այս ճանաչումը ձեռք է բերվել ցեղասպանության զուտ բնույթից ելնելով, առանց հայկական լոբբիստական ջանքերի, ինչն էլ ժխտում է թուրքական սովորական պնդումները, թե իբր երկրները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը տեղի հայ համայնքների ճնշման տակ: Բոլիվիայում հայկական համայնք չկա...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG