Մատչելիության հղումներ

Բրյուսելում քննարկվելու է «Իսլամական պետության» դեմ պայքարը


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի

Այսօր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նախագահելու է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ» անվանումը կրող դաշինքի հանդիպումը։

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը սխալ է եղել՝ ենթադրելով, թե աշխարհը չի ցանկանա հակադրվել իրենց։ «Եկեք պարզ ասենք, որ «Իսլամական պետություն» խմբավորումն այս հարցում չարաչար սխալվում է», - հայտարարել է Քերրին։

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող օդային գրոհների արդյունքում այս խմբավորումը որոշ դիրքեր է կորցրել և՛ Իրաքում, և՛ Սիրիայում։

«Բրյուսելում դաշնակից 6Օ երկրների գործընկերների հետ միասին Քերրին քննարկելու է այս խմբավորման զինյալներին պարտության մատնելու համար անհրաժեշտ քաղաքական ջանքերը», - մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին։

Այստեղ քննարկելու են նաև այն հարցը, թե ինչպես է «Իսլամական պետություն» խմբավորումն իր կողմը գրավում նորանոր համակիրների։ Դիվանագիտական հարցերով փորձագետ Սինթիա Շնայդերի խոսքով՝ դրա պատճառներից գլխավորը ոչ թե այս խմբավորման գաղափարախոսության նկատմամբ հավատն է, այլ ավելի շատ՝ այստեղ տիրող աղքատությունն ու հնարավորությունների պակասը։

Հակամարտությունների հարցերով վերլուծաբան Դանիել Սերվերի կարծիքով՝ հարկավոր է, որ դաշնակից երկրները հստակ մի ծրագիր կազմեն իրաքյան ուժերի միջոցով այս խմբավորման դեմ պայքարն ուժգնացնելու համար։ Ըստ վերլուծաբանի, «Իսլամական պետության» դեմ պայքարը արդյունավետ չի ընթանում հիմնականում իրաքյան ուժերի անկարողության պատճառով։

Սերվերը կոչ է անում, որ Ջոն Քերրին ավելի մեծ աջակցություն պահանջի Թուրքիայից Սիրիայում այս խմբավորման դեմ պայքարում. - «Հարկավոր է ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև կայացնել այնպիսի մի գործարք, որն ապահովի պաշտպանված ու ազատագրված տարածքներ Սիրիայում»։

Սակայն որոշ փորձագետների կարծիքով՝ ոչ ԱՄՆ-ը և ոչ էլ Թուրքիան պատրաստ չեն այս նպատակին հասնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG